N 8/03 ընտրատեղամասի խախտումներն արձանագրվել են քննչական ծառայության կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազությունում ավարտվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի N 8/03 ընտրատեղամասի քվեաթերթիկների վերահաշվարկը: Քվեաթերթիկների վերահաշվարկն անցկացվում էր Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ ԿԸՀ, գլխավոր դատախազության, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավորի ներկայությամբ:



Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, N 8/03 ընտրատեղամասի փաթեթը բացելու ժամանակ արձանագրվել է դրա վրա կնիքի եւ ստորագրության բացակայություն: Փաթեթում եղել են 12 ծրարներ, որոնց վրա նույնպես բացակայել է այդ ընտրական հանձնաժողովի երեք անդամների կնիքն ու ստորագրությունը:



Խախտումներ նկատվել են նաեւ փաթեթում քվեաթերթիկների քանակի եւ հաշվեմատյանում ընտրողների գրանցված թվի միջեւ: Արձանագրվել է 1578 թիվը, մինչդեռ փաթեթում քվեաթերթիկների թիվը 1606 էր: Ընտրողների գրանցման մատյանները փաթեթում չէին, ինչպես դա պահանջում էր ընտրությունների մասին օրենքը: Փաթեթներից մեկում բոլոր 417 քվեաթերթիկները պատառոտված են եղել:





Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ բացահայտված փաստերը կարող էին նպաստել կեղծիքներին, ինչն արդեն օրենքի կոպիտ խախտում է:



Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծիքների փաստերի ստուգման համար Հայաստանի քննչական ծառայությունը հունիսի 4-ին անցկացրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի N 8/01 եւ N 8/03 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հրապարակային վերահաշվարկ:
 Ուշագրավ
---