Վարչապետ․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգությանը

Վարչապետ․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Թուրքիայի հետ էլեկտրահաղորդման գծերի (ԷԼԳ) կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, հայտարարել է ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Այս համատեքստում Եվրոպական միության աջակցության հնարավորություններն ու տարածաշրջանային նոր հեռանկարները դարձել են ակտիվ քննարկման առարկա՝ կապված ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործման հետ։ Տրանսպորտային ուղիների ներառական ապաշրջափակմանը զուգահեռ, առանցքային նշանակություն է ստանում նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը։ Սա ենթադրում է նաև հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի ու կցորդիչների կառուցում, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ էներգիային անցմանը»,– ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Հուլիսի 1-ին Բաքու կատարած այցի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրոպական միությունը 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասի տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի համար էներգետիկայի ոլորտում ռազմավարական առաջնահերթություն է համարվում էներգիայի կուտակման ժամանակակից կայանների կառուցումը։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա լիարժեք և արդյունավետ կառավարել ու կուտակել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էլեկտրաէներգիան։ Այս համատեքստում նա կարևորել է Եվրոպական միության աջակցությունը։

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական միությանը Հայաստանին տրամադրված 52 միլիոն եվրո բյուջետային աջակցության համար։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ ասել է, որ ԵՄ-ն փոխկապակցվածության համագործակցություն է առաջարկում Ադրբեջանին: Նա նաև բարձր է գնահատել «դեպի Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու առաջարկը»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---