ՊԵԿ-ը հանցավոր սխեմաներ է բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում

ՊԵԿ-ը հանցավոր սխեմաներ է բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։

ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իրանից Հայաստան ներմուծվել է ավիակերոսին, որի իրացման վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում համապատասխան տվյալներ առկա չեն եղել։

Oպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ռ. Կ.-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է ինը ընկերություն։ Այդ կազմակերպությունների անվամբ Իրանից ՀՀ ներմուծվել է զգալի ծավալի ավիավառելիք, որը հետագայում իրացվել է Հայաստանում գործող տարբեր անձանց՝ առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։

Պարզվել է նաև, որ այդ ինը կազմակերպություններից երեքը իրացման վերաբերյալ համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ չեն ներկայացրել, իսկ վեց ընկերությունների ներկայացրած հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ՝ այդ եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից։

Ձեռք բերված փաստական տվյալների և հանգամանքների ուսումնասիրության ու վերլուծության արդյունքում պարզվել է, որ Ռ. Կ.-ի կողմից հիմնադրված և ղեկավարված ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս։

Բացահայտված փաստերով առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---