2 հուլիսի 2009 - 20:32 AMT
Երեւանում ներկայացվել է արագընթաց ավտոճանապարհների եւ «Հյուսիս-Հարավ» երկաթուղու նախագծերի իրականացման հայեցակարգը
Իրան-Հայաստան երկաթուղու, ինչպես նաեւ արագընթաց ավտոմայրուղիների շինարարությունը թույլ կտա վերականգնել երկրի դերը տարածաշրջանում, հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` ողջույնի խոսքով ելույթ ունենալով արագընթաց ավտոճանապարհների եւ «Հյուսիս-Հարավ» երկաթուղու նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ: «Հայաստանի որպես տարանցիկ երկրի դերը վերականգնելու նպատակին հասնելու համար առաջնահերթ նշանակություն է ձեռք բերում արագընթաց ավտոճանապարհների եւ երկու հարեւան երկրները կապող երկաթուղու կառուցման գաղափարը»,-ասել է նա: Ըստ Գ.Սարգսյանի, այդ ենթակառուցվածքների զարգացումը թույլ կտա կայուն եւ արագ հաղորդակցություն ապահովել Պարսից ծոցի ու Սեւ ծովի նավահանգիստների միջեւ: Բացի այդ, նշել է Սարգսյանը, այս նախագծերի իրականացումը թույլ կտա էապես կրճատել հայ գործարարների, արտահանողների ու ներկրողների տրանսպորտային ծախսերը:

Տրանսպորտի նախարարության ղեկավարը հաղորդել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գաղափարը հետաքրքրել է ինչպես անմիջական հարեւաններին` Վրաստանին ու Իրանին, այնպես էլ Ռուսաստանին, Չինաստանին, Ղազախստանին, այդ թվում հետաքրքրությունը նրա հանդեպ աճում է նաեւ միջազգային կառույցների թվում:

Այս փուլում, ըստ Սարգսյանի, իրականացվում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու տեխնիկա-տնտեսական հիմնավորումը Ասիական զարգացման բանկի դրամաշնորհի միջոցով: «2009թ, սեպտեմբերին պատրատ կլինի առաջին փուլի ներդրումային տեխնիկա-տնտեսական հիմնավորումը»,-ասել է նա: Առաջին փուլում նախատեսվում է Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու 88 կմ հատվածը վերածել առաջին կարգի ավտոմայրուղու, ինչը թույլ կտա ապահովել բարձրակարգ ավտոմոբիլային կապով ՀՀ երկու քաղաքները: «Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղին զգալիորեն կկրճատի այդ քաղաքների միջեւ երթեւեկի տեւողությունը եւ կխթանի առեւտրատնտեսական կապերի զարգացումը»,-ասել է նա: Այդ համատեքստում կապի նախարարը հավելել է, որ փաստորեն շինարարական աշխատանքները կսկսվեն 2010թ.:

Սարգսյանը նաեւ նշել է, որ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, ինչպես նաեւ Վրաստանի տարածքով մինչեւ Բաթում հասնող ճանապարհի կառուցման հարցն ընդգրկվել էր հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:

Երեւանում տեղի է ունեցել արագընթաց ավտոճանապարհների եւ «Հյուսիս-Հարավ» երկաթուղու նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսը: Շնորհանդեսի նախաձեռնողը ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությունն էր ու «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Հայեցակարգը մշակել է iLF գերմանա-ավստրիական աուդիտորական ընկերությունը «ՄՈՆ-ԱՐԽ կոնցեռն» ԲԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ: