Ժամանակն է, որ Ստեփանակերտը միանա բանակցային գործընթացին

PanARMENIAN.Net - Մադրիդյան սկզբունքները մեծ էնտուզիազմ չեն առաջացնում: Այդ մասին «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում: Արդյո՞ք հնարավոր է առաջընթաց բանակցություններում» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունների ֆոնի վրա լավատեսության պատճառները գնալով նվազում են: Բացի այդ, մադրիդյան սկզբունքները արտահայտում են ղարաբաղյան պատերազմի հետեւանքները, ինչն այդքան ցանկանում էր ադրբեջանական կողմը»,-նշել է հայ պատգամավորը: Ըստ Հովհաննիսյանի, հիմնարար սկզբունքներում խոսք անգամ չկա Հայաստանի ապաշրջափակման անհրաժեշտության մասին:



«Հրապարակված սկզբունքներում ընդգծվում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու անհրաժեշտությունը եւ այն, որ դա փաստաթղթի առաջին կետն է, պատահական չէ: Սակայն պետք չէ մոռանալ, որ այսօր 1988թ. չէ եւ սխալ է բանակցություններում ելնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ հասկացությունից»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, ամենավտանգավորն այն է, որ մադրիդյան սկզբունքներն առաջարկում են Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարում ինքնորոշման փոխարեն:



«Ինքնակառավարում ունի ցանկացած գյուղ, քաղաք կամ մարզ: Դա պետական կարգավիճակ չէ եւ ինքնակառավարման համակարգ ունեցող համայնքը չի կարող պաշտպանվել: Բացի այդ, ներկայացված փաստաթղթում հստակ չի ներկայացված ժողովրդի կամքի արտահայտման մեխանիզմը, չի ընդգծվում թե երբ եւ որտեղ այն պետք է իրականացվի: Բոլոր այս հարցերը Լեռնային Ղարաբաղին անվտանգության երաշխիք չեն տալիս ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Ուստի, ժամանակն է, որ Ստեփանակերտը միանա բանակցային գործընթացին»,-ընդգծել է Վահան Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---