Ոստիկանապետի տեղակալի սպանության բացահայտումը պատվո խնդիր է

PanARMENIAN.Net - «ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության գործով ձերբակալված է մի քանի հոգի, ում հետ օպերատիվ աշխատանք է վարվում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ նման հանցագործությունները շատ մեծ դժվարությամբ են բացահայտվում, շատ ժամանակ եւ ջանք են պահանջում:



Ալիկ Սարգսյանը կրկին հայտարարել է, որ Հայաստանի Ոստիկանության համար այդ գործի բացահայտումը պատվո խնդիր է եւ այն միանշանակ բացահայտվելու է:



ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանը դիտավորությամբ սպանվել է 2009 թվականի փետրվարի 3-ին` ժամը 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ` Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց, անհայտ անձի կողմից դիմահար արձակված հրազենային կրակոցներից: Գ.Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք՝ 1-ը կրծքավանդակի, 3-ը` գլխի շրջանում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ:



Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ` ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---