Տիգրան Սարգսյանը ծանոթացել է «Միասին» երիտասարդական շարժման գործունեության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` ծանոթանալու «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժման` հանուն բարեփոխումների եւ երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբարի աշխատանքներին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Ֆորումի նպատակն է համախմբել կազմակերպված եւ բանիմաց հայ երիտասարդներին` նրանց ներուժը նպատակաուղղելով պետության կայուն զարգացմանը:



Ֆորումի մասնակիցների հետ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտքեր է փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, մեր երկրի վրա համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցության, գիտելիքների վրա հիմնված տնտեսության կարեւորության, ինչպես նաեւ երիտասարդության հիմնախնդիրների մասին: Անդրադառնալով համաշխարհային տնտեսության միտումներին, վարչապետը նշել է. «Այսօր ֆինանսիստները եւ տնտեսագետները ճգնաժամը դիտարկում են երկու հարթության մեջ: Առաջին, որ շուկայական տնտեսության բնորոշ է ճգնաժամի ցիկլայնությունը, մյուս մասն էլ նշում է, որ սա հերթական ճգնաժամ չէ. այլ մենք ականատեսն ենք նոր աշխարհի, նոր հասարակության ձեւավորման: Ակնհայտ է, որ ապրում ենք վտանգներով լի ժամանակաշրջան, այն նաեւ մեծ հնարավորություններ է ստեղծում: Անգամ ինքը բառը, ճգնաժամը հուշում է այդ` ճգնել եւ ժամ: Այն մի իրավիճակ է, երբ նախկինում գործող օրինաչափությունները այլեւս չեն գործում, իսկ նորի հետ կապված խնդիրներ կան»,- ասել է նա:



Խոսելով գիտելիքի կարեւորության եւ երիտասարդության դերի մասին, Տիգրան Սարգսյանն ասել է. «Մտածողությունը ժամանակակից աշխարհի հենքերից է, ապրում ենք մի ժամանակշրջանում, երբ փոփոխություններն չափազանց արագ են կատարվում: Ձեզանից յուրքանչյուրը պետք է կարողանա մտածել, ծրագրել եւ գործել իրավիճակին համապատասխան Դատապարտված ենք մշտապես սովորելու: Պետք է կարողանալ աշխատել նոր գիտելիքների հետ, զարգացնել ինքնուրույն մտածելու կարողությունը: Մեր հասարակությունն իր հարստությունը պետք է կառուցի մտածողության շտամպներից ելնելով»,- ասել է Սարգսյանը:



Վարչապետը պատասխանել է նաեւ երիտասարդական ֆորումի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, իսկ ֆորումի կազմակերպիչները ՀՀ վարչապետին են ներկայացրել ճամբարային առօրյան:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---