Արսեն Ղազարյան. Թուրքական ներդրումային կապիտալի բում Հայաստանում չի լինի

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կվերականգնի տարանցիկ երկրի իր կարգավիճակը, գտնում է ՀՀ Արդյունաբերողների ու ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Հայաստանը միշտ միջազգային առեւտրի խաչմերուկ է եղել»,-ասել է նա: Այս առնչությամբ նա հավելել է, որ Հայաստանը կարող է սկսել տարանցիկ ծառայություններ տրամադրել հարեւաններին, մասնավորապես Վրաստանին, ինչը թույլ կտա կրճատել բյուջետային ծախսերը երկու անգամ: Նա նաեւ նշել է, որ երկու երկրների տնտեսական ներդաշնակեցումից շահում են եւ Իրանը, եւ Վրաստանը, եւ Միջին Ասիան, եւ Սիրիան, ինչպես նաեւ բուն Թուրքիան, որպես տարածաշրջանում ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիր:



Սահմանի բացումը, ինչպես արդեն բազմիցս ասվել է, թույլ կտա կրճատել տրանսպորտային ծախսերը հայկական ապրանքների արտահանման դեպքում` որոշ ուղղություններով գրեթե 20-25 տոկոսով: Միեւնույն ժամանակ, Ղազարյանն ասել է, որ սահմանի բացման դեպքում թուրքական ներդրումային կապիտալի բում Հայաստանում չի լինի, քանի որ «Հայաստանի ու Թուրքիայի շուկաները դեռ պետք է ընտելանան իրար»: «Անկասկած, արտահանման ծավալների աճ կլինի 5-10 տոկոսի սահմաններում, սակայն ես դրանում մեծ սպառնալիք չեմ տեսնում տեղի արտադրողների համար»,-նշել է նա:



Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները տարբեր տարիներին տատանվել են 50-100 մլն դոլարի սահմանում, իսկ 2008թ. ապրանքաշրջանառությունը կազմել է 85-86 մլն դոլար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---