Հայ-թուրքական Արձանագրությունների քննարկումը կերկարաձգվի մինչեւ հոկտեմբերի 13

PanARMENIAN.Net - «Մոտակա շաբաթների ընթացքում լինելու են տարբեր ձեւաչափեր, ինքս եմ նախաձեռնելու ու մասնակցելու այս հարցի շուրջ քննարկումներին եւ որոշեցի այդ շարքն սկսել հենց այսօրինակ հանդիպումով: Անշուշտ, ձեզնից շատերի հետ մենք դեռեւս այլ քննարկումներում էլ կհանդիպենք, կարծում եմ ձեր հրապարակային գործունեության ընթացքում դուք էլի առիթներ կունենաք մոտեցումներ ներկայացնելու, իսկ այսօրվա հավաքը ես համարում եմ արդեն իսկ սկիզբ առած քաղաքական բանավեճի հետագա ծավալման համար բավականին հարմար ձեւաչափ»,- այսօր Երեւանում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` բացելով ՀՀ քաղաքական կուսակցությունների նախագահների հետ երրորդ թեմատիկ խորհրդակցությունը` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը» թեմայով:



Պետության ղեկավարը նշել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության եւ նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո սկսվել է մի գործընթաց, որն իսկապես դրական ու կարեւոր է` նկատի ունենալով հասարակական-քաղաքական քննարկումների այս փուլը:



«Այս օրերի ընթացքում ես մանրամասն ծանոթացել եմ հանրայնորեն հնչեցված ամենատարբեր կարծիքների, լսել եմ դրական, խրախուսող կոչեր, լսել եմ քննադատություն, այդ թվում խիստ քննադատություն, լսել եմ նաեւ մտահոգություններ: Անշուշտ ես էլ եմ տեսնում ռիսկեր, ես էլ ունեմ մտահոգություններ: Բայց որպեսզի մեր մտահոգությունները համադրելի լինեն, որպեսզի մենք ճիշտ գնահատենք ռիսկերը ու հասկանանք, որ անելիք ունենք, մենք պետք է կարողանանք նույն հարթության մեջ բերել մեր բոլոր դիտարկումները: Հրավիրելով Թուրքիայի նախագահին Հայաստան եւ նախաձեռնելով այս ողջ գործընթացը` ես նպատակ եմ հետապնդել բացել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը Հայաստանի եւ Թուրքիայի համար, ցույց տալ, որ Ցեղասպանության արհավիրքով անցած ժողովուրդը, եւ Հայաստան երկիրը, որ կանգուն է եւ տեր է իր ժողովրդի ցավին, իրականում բավարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու եւ աշխարհի զարգացման ընթացքին հակընդդեմ շարժվելու անիմաստությունը մատնացույց անելու»,- նշել է Սարգսյանը:



Համառոտ ներկայացնելով իրադրությունը` Սերժ Սարգսյանը նկատել է, որ ներկա փուլը նախաստորագրված փաստաթղթերի քննարկման, ստորագրման եւ հնարավոր վավերացման փուլն է: Նա չի բացառել, որ փաստաթղթերի առանձին հատվածների վերաբերյալ որոշ մարդկանց համար բացատրություններն այդպես էլ համոզիչ չեն եղել, չնայած համոզված, որ համակողմանի ներկայացման ու անաչառ քննության դեպքում դա գրեթե անհնար է: Նախագահն առաջարկել է քննարկել, թե ինչ են տալիս կամ վերցնում այս փաստաթղթերը: «Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը եւ սահմանների բացումը ես չեմ համարում ոչ նվազագույն ծրագիր եւ ոչ էլ առավելագույն ծրագիր: Ես այդ գործընթացների ավարտը դիտում եմ լոկ որպես մի նվազագույն միջավայրի ապահովում, որը հնարավորություն կտա թուրքերի հետ սկսել երկխոսություն: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարթությունում` տնտեսականից, քաղաքականից մինչեւ պատմական: Ես կարծում եմ, որ մենք խնդիրների լուծման ճանապարհով ենք գնում: Եթե որեւէ խնդրի լուծման համար մենք որեւէ դուռ ենք փակել, խնդրում եմ մատնացույց անել: Եկեք միասին հասկանանք այս խնդիրները: Եթե մենք իրոք ուզում ենք հարաբերությունները կարգավորել, ապա եկեք հասկանանք, թե ով ինչ է անելու եւ, ընդհանարպես, բոլորս միասին ինչ աշխատանք ենք անելու այդ ուղղությամբ»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ դեռեւս որեւէ մեկը հրապարակայնորեն չի հայտարարել, որ ինքը որպես քաղաքական ուժ դեմ է թուրքերի հետ հարաբերությունները կարգավորելուն:



Նախագահի հանդիպումը քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ փակ դռների ետեւում տեւել է մոտ հինգ ժամ: Հրավեր էին ստացել 64 քաղաքական ուժեր, ներկա էին 52-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---