Լույս է տեսել «Լեւոն Շանթ - 140: Համաժողովի նյութեր» գիրքը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ գրող, դրամատուրգ Լեւոն Շանթի 140-ամյակին նվիրված համաժողովի մասնակիցների գիտական հոդվածներից, հրապարակումներից կազմված գրքի շնորհանդեսը: Համաժողովը տեղի էր ունեցել 2008թ. նոյեմբերի 27-ին:



«Լեւոն Շանթ -140: Համաժողովի նյութեր» գիրքը հրատարակվել է Համազգային հայկական կրթական եւ մշակութային միավորման նախաձեռնությամբ: Միջոցառման հյուրերը` «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, բանասեր Արքմենիկ Նիկողոսյանը շնորհակալական խոսք ասացին եւ նշեցին մի շարք դժվարությունների մասին, որոնց մինչ օրս բախվում են բանասեր գիտնականները, նաեւ առաջարկեցին դրանց լուծման ուղիները:



Միջոցառմանը Համազգային հայկական կրթական եւ մշակութային միավորման սահմանած «Հակոբ Կարապենց» կրթաթոշակ տրվեց Հայաստանի բուհերի հումանիտար բաժինների տասը լավագույն ուսանողներին:



Լեւոն Շանթ (1869-1951), իսկական անունը` Լեւոն Սեղբոսյան, հայ գրող: Ավարտել է Սկյուտարի հոգեւոր ուսումնարանը: Սովորել է Էջմիածնի հոգեւոր ակադեմիայում, 1892-99 թթ.` Լայպցիգի, Յենի, Մյունխենի համալսարաններում, այնուհետեւ վերադառնում է Հայաստան:



Տպագրվել է 1891 թվից:Նրա վաղ շրջանի ստեղծագործությունների`«Սարերի աղջիկը» պոեմի (1893), «Օտարները» վեպի (1896), «Էգոիստը» դրամայի (1901), «Ճանապարհին» (1904), հերոսները ձգտում են ազատություն գտնել իրենց պատրանքներում: Ավելի ուշ տարիների ստեղծագործությունները հատկանշական են պատմական թեմաներով: . 1905-07 թթ. հեղափոխության պարտությունից հետո գրում է «Հին աստվածներ» դրաման (1909), Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1914-18 թթ. գրում է «Կայսրը» դրաման (1916): 1921 թ. տարագրվում է, ապրում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, 1949 թ.-ից` Բեյրութում (Լիբանանում): Գրել է հայ ժողովրդի հեռավոր անցյալի մասին: Շանթը եւ նրա հերոսները վեր են հասարակական հետաքրքրություններից, նրա ստեղծագործություններում գերիշխում է իրականության պատկերային ընկալումը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---