Հայաստանում արխիվային գործը բարձր մակարդակում է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայության ղեկավարների հետ, որոնք Հայաստանում էին գտնվում ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին եւ Արխիվների միջազգային խորհրդի Եվրասիական բաժանմունքի 10-րդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով:



Ա.Պետրոսյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ իր անունից ողջունեց հյուրերին: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ հայ ժողովուրդը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ առաջիններից է ստեղծել գիր ու գրականություն եւ հազարամյակների թոհուբոհի միջով ձեռագիր մատյանների մի մասը կարողացել հասցնել մինչեւ մեր օրերը, որոնք հիմնականում պահվում են Երեւանի Մատենադարանում:



ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի պետական արխիվային համակարգի կայացման գործում իր ավանդն է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Միայն այն փաստը, որ անկախության տարիներին ընդունվել են արխիվային գործին առնչվող երեք օրենքներ, խոսում է այն մասին, որ մեր երկիրը մշտապես ձգտում է կատարելագործել արխիվային գործին վերաբերող օրենսդրությունը եւ հետ չմնալ այդ ոլորտի զարգացման գործընթացներից: Պետրոսյանը նկատեց, որ 2004 թ. ընդունված արխիվային գործի մասին ՀՀ օրենքը մշակվել է ԱՊՀ երկրների փորձի ու ձեռքբերումների հաշվառումով, սակայն այսօր գիտատեխնիկական առաջընթացը նոր պահանջներ է թելադրում. անհրաժեշտ է զարգացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, կատարելագործել համապատասխան օրենսդրությունը եւ ներդնել փաստաթղթերի պահպանման ու արխիվացման նոր մեթոդներ: Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում եւ շուտով հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ: Պետրոսյանն ընդգծեց ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների համագործակցության եւ արխիվի կառավարման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը:



Հանդիպմանը քննարկվեցին արխիվացման ոլորտում կատարված ձեռքբերումներին, փորձի փոխանակմանը, ԱՊՀ երկրների արխիվային ծառայությունների համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---