Սեւանի ջրի մակարդակը մինչեւ 2010թ. հունվարը 31 սմ-ով բարձր կլինի 2009թ. մակարդակից

PanARMENIAN.Net - «Սեւանի խնդիրը պատահական չի ծագել: 1933թ. ի վեր իր բնական պաշարների 40 տոկոսը (շուրջ 24 մլրդ խորանարդ մետր) Սեւանը տվեց պետության կարիքների համար: Պաշարների 63 տոկոսը գնաց էլեկտրաէներգիայի արտադրությանը, իսկ մնացածը` ոռոգման: Այդ պատճառով Սեւանի մակարդակը զգալիորեն նվազեց եւ լիճը գտնվում է անհետացման եզրին: Այսօր մեր գլխավոր նպատակն է լուծել լճի պահպանման, վերարտադրողականության, բնականոն զարգացման եւ էկոհամակարգի օգտագործման խնդիրները»,-նոյեբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահին կից Սեւանա լճի խնդիրների կոմիտեի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:



Կոմիտեի նախագահն այդ խնդիրները համարում է փոխկապակցված եւ առաջարկել է դրանց լուծմանն ուղղված համալիր միջոցներ` լճի մակարդակի բարձրացում, նրա ջրի մաքրության ապահովում եւ բնական կենսաբազմազանության վերականգնում:



Լճի մակարդակի բարձրացման գլխավոր գործոնը Վ.Մովսիսյանը համարել է Արփա-Սեւան թունելի գործոնը, որով ջուրը Կեչուտից ուղղվում է Սեւան: Թունելի երկարությունը 48,2 կմ է, որից 10 տարի առաջ վթարային վիճակում էր 2,1 կմ, իսկ այսօր արդեն 3,664 կմ: Արդեն պատրաստ է վերականգնման մրցութային նախագիծը, սակայն այս տարի կառավարությունը թույլ տվեց սկսել վերականգնողական աշխատանքները դեռեւս մինչ մրցույթի սկիզբը: Արդեն վերականգնվել է թունելի 522 մետրը: Այդ նպատակով ծախսվել է 605 մլն դրամ:



Կատարված աշխատանքի արդյունքում այս տարի Կեչուտից Սեւան է տեղափոխվել 171 մլն խմ ջուր նախատեսված 260-270 միլիոնից: Պատճառը թունելի ձեւախեղումն է եւ ջրի տեղափոխման նոր ժամանակացույցը` 6 ամիս թունելում աշխատում են բանվորները, մնացած 6 ամիսներին թունելով ջուր է տեղափոխվում: Սակայն, ըստ Կոմիտեի, հաշվի առնելով գոլորշացման գործոնը, Սեւանի մակարդակի բարձրացումը մինչեւ 2010թ. հունվարը 2009թ. համեմատությամբ կբարձրանա 31 սմ-ով:



Վ.Մովսիսյանը նշել է նաեւ, որ հաջորդ տարվա պետբյուջեի ծրագրում ընդգրկված է 2 մլրդ դրամ, որից 700 մլն դրամը Աբու-Դաբիի հիմնադրամի վարկային միջոցներն են:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---