3 փետրվարի 2010 - 18:37 AMT
Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մտադիր է 2010 թվականին ավելացնել արտադրության ծավալները


2009թ-ի երկրորդ կիսամյակում «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վերամշակել է մոտավորապես 1.3 միլիոն տոննա հանքաքար, ինչը հինգ տոկոսով ավելի է 2008թ.-ի արդյունքներից: Ընկերության կանխատեսումներով հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման ծավալները ընթացիկ տարում կավելանան մինչեւ 3-3.5 միլիոն տոննա, հաղորդում է «ԳեոՊրոՄայնինգ Գրուպ» ընկերության մամլո ծառայությունը:

2009թ-ին կոմբինատը արտադրել է 248 տոննա մոլիբդենի խտանյութ եւ 13.500 տոննա պղնձի խտանյութ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009թ-ի փետրվար ամսին կոմբինատը դադարեցրեց իր արտադրական գործունեությունը եւ վերսկսեց իր աշխատանքը ամբողջ ծավալով հունիսի 30-ից: 2008թ. վերջիս ԱՊՄԿ-ն աշխատում էր անկայուն եւ հոկտեմբեր ամսից սկսել էր կորուստներ կուտակել, որոնք վերականգնվեցին բաժնետերերի ներդրումների հաշվին: Կոմբինատի աշխատանքը դադարեցնելու պահից հինգ հարյուր աշխատակիցներ շարունակեցին վերանորոգման-վերականգնման աշխատանքները, որոնք վարձատրվում էին աշխատավարձի լրիվ չափով, իսկ չորս հարյուր աշխատակիցներ ուղարկվեցին հարկադիր արձակուրդ, որոնք վարձատրվում էին աշխատավարձի երկու երրորդի չափով: Ձեռնարկության վերաբացումից հետո այդ աշխատակիցները վերադարձան իրենց աշխատատեղերը:

Անցած տարի վերամշակման ծավալների ավելացումը հաջողվեց ձեռք բերել տեխնիկական վերազինմանը ուղղված հակա-ճգնաժամային ծրագրի իրականացման շնորհիվ, ինչը հանգեցրեց արտադրության արդյունավետության եւ հանքավայրի շահագործման արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը ենթադրում է համակարգված մոտեցում, ներառյալ կապիտալ ներդրումները` ուղղված արտադրության նորացմանը եւ միջին օղակի աշխատակիցների որակավորման բարձրացումը, ինչպես նաեւ ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխությանը:

2010թ-ին ընկերությունը պլանավորում է հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման ծավալները ավելացնել մինչեւ 3-3.5 միլիոն տոննա, իսկ մակաբացման աշխատանքների ծավալները հասցնել մինչեւ 2.2 միլիոն խորանարդ մետրի: Նախանշված աճը ձեռք կբերվի տեխնիկական վերազինման եւ, մասնավորապես գործարանի վերակառուցման շնորհիվ: Գործարանի նորացման շնորհիվ զգալիորոն կկրճատվեն էլեկտրաէներգիայի, ֆլոտոռեագենտների եւ այլ բաղադրամասերի արտադրական ծախսերը:

3.5 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման համար անհրաժեշտ է ավելացնել հանքարդյունաբերական մեքենաների թիվը: Հանքաքարի արդյունահանման աճը իր հետ կբերի նաեւ մակաբացման աշխատանքների ծավալների ավելացում, հետեւաբար Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատում աշխատանքների ծավալները կավելանան, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Սոցիալական ծրագրերի իրականացումը ընկերության կարեւոր եւ առաջնահերթ խնդիրներից է: Կոմբինատը աշխատավարձերը վճարում է ժամանակին եւ իրականացնում բոլոր սոցիալական պարտավորությունները: Քաղաքաշինության բնագավառում ձեռնարկությունը ակտիվորեն համագործակցում է Ագարակ քաղաքի վարչակազմի հետ եւ իր հնարավորությունների սահմաններում մասնակցում է քաղաքի սոցիալական ծրագրերի իրականացմանը:

«ԳեոՊրոՄայնինգ Գրուպ» ընկերությունը Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի արժեթղթերը ձեռք բերեց 2007թ դեկտեմբերին: «ԳեոՊրոՄայնինգ Գրուպը» մասնագիտանում է մետաղական հանքաքարի (պղինձ, մոլիբդեն, սյուրմա) եւ թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման եւ հարստացման աշխատանքներում: Ընկերությունը ունի արտադրության եւ շուկայի դիվերսիֆիկացված կառուցվածք: Ընկերության հանքավայրերը եւ լեռնա-հարստացուցիչ գործարանները գտնվում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի եւ Վիետնամի տարածքներում: