ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հուշագրի կնքման առաջարկությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հուշագրի կնքման առաջարկությանը

PanARMENIAN.Net -
Հայաստանի կառավարությունն իր նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության կառավարությունների միջեւ Մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի (ՄՀՆԾ) վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը: Ծրագիրն իրականացվում է Նիդերլանդների ԱԳՆ կողմից` աջակցելու համար զարգացող երկրների նորարարական բիզնես նախագծերին: Հայաստանի համար հաստատվող նախագծերի իրական թիվը կախված կլինի ստացված առաջարկություններից, որոնք կդասակարգվեն եւ կմրցեն այլ երկրների ծրագրերի հետ:



ՀՀ կառավարությունը հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ կովկասյան նախաձեռնության շրջանակում իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Քոնսուլեքտրա/ՄՎՎ դեքոն» համատեղ ձեռնարկությունը` 845040,0 եվրո գումարով:



Նիստում հաստատվել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրով անցկացված ու ծրագրի կառավարման խորհրդի կողմից հաստատված «Այրում, Նոյեմբերյան քաղաքների եւ Դեղձավան, Հաղթանակ գյուղերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավում» մրցույթի արդյունքները 420217719,00 ՀՀ դրամ արժեքով` հաղթող ճանաչելով «Շինաշխարհ» ՍՊԸ - «Արտեզիա» ՍՊԸ կոնսորցիումը:



Կառավարությունը որոշել է Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքը (լաբորատորիաներ եւ կաբինետներ) եւ տարածքը ՊՈԱԿ-ի հետ համատեղ անհատույց օգտագործման իրավունքով տասը տարի ժամկետով տրամադրել «Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» եւ «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկության եւ կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական հաստատությունների Երեւանի մասնաճյուղերին:



Ագրարային կրթության եւ գիտության բնագավառում միջազգային ճանաչում ունեցող վերոհիշյալ բուհերի մասնաճյուղերի կազմակերպումը ագրարային համալսարանի բազայի վրա թույլ կտա որոշակի չափով բավարարել Հայաստանի ռուսախոս բնակչության` ագրարային կրթություն ստանալու պահանջը, բարելավել մասնագետների ուսուցումը, լաբորատորիաները հագեցնել նորագույն տեխնիկայով եւ այլն:



Այդ կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես դրական է գնահատել արդեն իսկ ընթացիկ տարվանից գործարկվող այս նախագիծը, որի շնորհիվ երկրի ագրարային հատվածը ժամանակի ընթացքում կստանա որակյալ մասնագետներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---