Բելառուսը հետաքրքրվում է հայկական շուկայով

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների չորրորդ նստաշրջանում քննարկվեցին գիտության, տեխնիկայի, էներգետիկայի, առեւտրի եւ տնտեսության բնագավառներում երկկողմանի համագործակցության ու երկու երկրների խորհրդարանների հետագա համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտարարել է Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանը` ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած բելառուսական կողմի համանախագահ Վալերի Իվանովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:



Հ. Կարապետյանի խոսքերի համաձայն, Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստը տեղի է ունենում տարվա մեջ երկու անգամ, ինչը երկկողմանի հարցերի քննարկման համար լավ հարթություն է:



Վալերի Իվանովն իր հերթին, նշել է, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն աշխատում է Հայաստանի եւ Բելառուսի օրենսդրական դաշտերի միասնականացման ուղղությամբ: Ճշգրտելով տնտեսության բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունները, նկատեց, որ Բելառուսը հետաքրքրված է հայկական շուկայով եւ մտադիր է զարգացնել գյուղատնտեսության, մեքենաշինության եւ թեթեւ արդյունաբերության բնագավառներում Հայաստանի հետ առեւտուրը:



«Մենք ցանկանում ենք նաեւ խորացնել համագործակցությունը ատոմային էներգիայի բնագավառում, քանի որ Բելառուսը մտադիր է 10 տարվա ընթացքում կառուցել իր սեփական ատոմային էլեկտրակայանը, որտեղ շատ է պետք գալու Հայաստանի փորձը», - ասել է Վալերի Իվանովը:



Վ. Իվանովը նաեւ նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապի զարգացման համար խորհրդարանական հանձնաժողովը պետք է աշխատի այդ ոլորտի օրենսդրական դաշտում ուղղումներ անել:



Հրայր Կարապետյանը ավելացրել է, որ 2009 թ. ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 103 տոկոսով, հասնելով 30 մլն դոլարի:



«Մենք կարեւորություն ենք տալիս նաեւ Հայաստանի եւ Բելառուսի տարածաշրջանների միջեւ հարաբերությունների խորացմանը, ինչը նույնպես քննարկվել է այս նստաշրջանի ընթացքում», - ասել է նա:



Կարապետյանը հայտնել է, որ այսօր կայացել է նաեւ աշխատանքային հանդիպում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի Բելառուս կատարելիք այցի մոտավոր ժամկետները», - ասել է նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---