Երևանում տեղի ունեցած CTS 2010 զբոսաշրջության ցուցահանդեսին մասնակցում են Թուրքիայի 13 ընկերություններ14 մայիսի 2010 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ CTS 2010 (Caucasus Travel Show) ամենամյա 10-րդ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ցուցահանդեսը պաշտոնապես բացեցին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Ճամփորդական գործակալների հայկական միության ղեկավարությունը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանում առաքելության ղեկավար դոկտոր Ջաթինդեր Չիման: CTS 2010-ը նշանակալի միջոցառում է, որը կազմակերպվում է Ճամփորդական գործակալների հայկական միության (AATA) և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Ցուցահանդեսը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի համագործակցությամբ և աջակցությամբ: CTS 2010 զբոսաշրջության ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը և առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում են աննախադեպ մեծ թվով ընկերություններ Թուրքիայից` մասնավորապես Վան նահանգից, ինչպես նաև Վրաստանից և Թունիսից: Թուրքիայից ժամանող ընկերությունների թվում են Թուրքիայի Ճամփորդական գործակալությունների միությունը (TURSAB), հյուրանոցների և զբոսաշրջային ընկերություններ, Վան քաղաքի 3 փոխքաղաքապետներ, Վան նահանգի Առևտրի պալատի նախագահը, լրագրողներ Վան քաղաքից և Վանի նահանգի Առևտրի պալատի այլ գործարարներ և պաշտոնյաներ` ընդհանուր թվով 40 հոգանոց պատվիրակություն: Վրաստանից ժամանում են Վրաստանի զբոսաշրջային միությունը, Վրաստանի զբոսավարների Միությունը և զբոսաշրջային ընկերություններ: CTS 2010 զբոսաշրջության ցուցահանդեսին ընդհանուր առմամբ մասնակցում են թվով 87 ընկերություններ, այդ թվում` 13 ընկերություններ Թուրքիայից, 6 ընկերություններ Վրաստանից, 2 ընկերություն Թունիսից, 1 ընկերություն Լեռնային Ղարաբաղից և 65 ընկերություններ Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից: Նշենք, որ CTS 2009-ին մասնակցել են ընդհանուր առմամբ 65 ընկերություններ: Այսպիսով, CTS 2010 ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին և խնդիրներին, ինչպես նաև ծանոթանալու այս ոլորտում Հայաստան-Թուրքիա գործարար փոխհարաբերությունների զարգացմանը և հեռանկարներին: CTS 2010 ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 14-ին կազմակերպվելու են նաև կլոր սեղան-քննարկում և դեմառդեմ հանդիպումներ տարածաշրջանային զբոսաշրջության թեմայով, որին հնարավորություն կունենան մասնակցելու մեծ թվով հայաստանյան զբոսաշրջային ընկերություններ: Ցուցահանդեսը հետապնդում է հետևյալ կարևորագույն նպատակները` 1. խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը` ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով (Վրաստան, Թուրքիա), 2. զարգացնել և ամրապնդել հարաբերությունները Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ընկերությունների և հասարակական կազմակերպությունների միջև, ստեղծելով բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման և վաճառքի համար, 3. խթանել ներքին (մարզային) զբոսաշրջությունը, 4. տեղեկացնել հասարակությանը, պոտենցիալ հաճախորդներին, մասնագետներին, պաշտոնյաներին և մյուս շահագրգիռ կողմերին զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին և ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար, 5. Հայաստանի բնակչությանը ընձեռել հնարավորություն արձակուրդները մատչելի և որակյալ պլանավորելու համար: Այս մասին հաղորդում է CTS մամլո ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |