Լեոնիդ Ազգալդյանի պես զորավարները ծնվում են 100 տարին մեկ անգամ

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի է ունեցել «Ազատագրական բանակի» հիմնադիր, գլխավոր հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի մահվան տարելիցին նվիրված մամլո ասուլիս, որին մասնակցեցին «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկեր Գագիկ Գինոսյանը և ԵՊՀ դոցենտ Նորայր Գալստյանը, որը նաև թիկունքային մատակարարմամբ է զբաղվել Լեոնիդ Ազգալդյանի հետ:

Ըստ Գագիկ Գինոսյանի, միայն Արցախում Լեոնիդ Ազգալդյանն ազատագրել է 26 բնակավայր` նշելով, որ Լեոնիդն այն հրամանատարներից էր, որից ոչ թե վախենում էին, այլ որին հարգում էին: Նա ասաց, որ ղարաբաղյան շարժումը տվեց 2 հսկաներ` Մոնթե Մելքոնյան և Լեոնիդ Ազգալդյան, ում միտքն և ֆիզիկական ուժը չէին զիջում իրար: Ըստ նրա, Լեոնիդը դաստիարակում էր իր բանակում ազգի զինվորների: «Քանի Լեոնիդ Ազգալդյանը ողջ էր, ոչ ոք չէր կարող մտնել Մարտակերտի շրջան: Ընդ որում, նա ցավալի համարեց այն, որ մինչ օրս Ազգալդյանը չի ստացել Ազգային հերոսի կոչում: Ադրբեջանն, որը պարտվեց պատերազմում, ունի 170 հերոս, իսկ մենք ընդամենը 15, որից 5-ն են մահացել մարտի դաշտում»,-ասել է Գինոսյանը:

Իր հերթին Նորայր Գալստյանն ասաց, որ Լեոնիդի պես զորավարները ծնվում են 100 տարին մեկ: Նրա խոսքերով, Լեոնիդը հիմք դրեց հայկական բանակին և կանոնավոր մարզումներին, ինչը նախկինում չկար, նույնիսկ Լեոնիդի մահից հետո իր բանակն առաջին շարքերում էր Քելբաջարի ազատագրման ժամանակ:

Գինոսյանն, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպին, ասաց, որ մեր բանակն այժմ պետք է առավել զգոն լինի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---