Հայաստանն ու Քուվեյթը համաձայնագիր են ստորագրել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին

Հայաստանն ու Քուվեյթը համաձայնագիր են ստորագրել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք չափազանց կարևորում ենք Քուվեյթի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը։ Այն ճանապարհը, որ միասին անցել ենք, բավականին հուսադրող է։ Համոզված եմ, որ ձեր այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների խորացմանը»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել մասնավորապես հանքարդյունաբերության, զբոսաշրջության զարգացման եւ օդային հաղորդակցության բնագավառներում երկու երկրների միջև գործարար կապերի աշխուժացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ։ Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով կարևորվել է Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծումը։ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար և փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետի ողջույնները։

ՀՀ վարչապետն իր հերթին ողջույններ է փոխանցել գործընկերոջը` Քուվեյթի Պետության վարչապետին և հրավերը` Հայաստան։ Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին ստորագրել են «ՀՀ կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը նպատակաուղղված է երկու պետությունների միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---