Տիգրան Սարգսյան. Մարմարիկի ջրամբարը կբարձրացնի Հայաստանի ջրային տնտեսության արդյունավետության ընդհանուր մակարդակը

Տիգրան Սարգսյան. Մարմարիկի ջրամբարը կբարձրացնի Հայաստանի ջրային տնտեսության արդյունավետության ընդհանուր մակարդակը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ և ծանոթացել Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին, պատասխանատուների հետ քննարկելով գործընթացի իրականացման և ավարատկան փուլի մանրամասներն ու ժամկետները: «Մի կողմից ջրամբարը հնարավորություն է տալիս հստակ վերահսկել ջրի բացթողումների քանակը Սևանից, մյուս կողմից` բարձրացնում է ոռոգման համակարգի արդյունավետությունը»,-ասել է նա: Ըստ վարչապետի, նման մեծ ջրամբարի շինարարությունը թույլ կտա տնտեսել էլեկտրաէներգիան, որն անհրաժեշտ է այն տարածքների ոռոգման համար, որտեղ ջուրը չի հոսում իր բնական հունով:

Իր հերթին Հայաստանի ջրային տնտեսության պետկոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ ջրամբարը ոչ միայն այլընտրանք կհանդիսանա Սևանից բացթողումների կրճատման համար, այլ նաև կարևոր նշանակություն կունենա գարնանային վարարումների կանխարգելման համար:

4, 6 մլրդ դրամ արժեքով շինարարությունն իրականացվում է ՀԲ «Ջրամբարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում և կավարտվի մինչև տարեվերջ: Ջրամբարի գործարկման արդյունքում 23 մլն խմ կնվազեն բացթողումները Սևանա լճից: Լրացուցիչ կոռոգվեն Կոտայքի մարզի 1055 հա հողատարածքներ մոտ 9 մլն խմ ջրով:

Մարմարիկի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզում Մարմարիկ գետի վրա: Սկզբում այն նախատեսված է եղել որպես 64 մ բարձրությամբ 36,9 մլն խմ ընդհանուր և 34 մլն օգտակար ծավալով ջրամբար: Շինարարությունն ավարտվել է 74թ. նոյեմբերին` նախատեսված գործարկումից օրեր առաջ տեղի ունեցել պատվարի ներքին շեմի նստվածք: Արդյունքում առաջացել է պատվարի գագաթի 13,5 մ նստեցում 350 մ երկարության վրա: Ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում նախապատվությունը տրվեց 55մ պատվարի բարձրությամբ 24 մլն խմ ընդհանուր և 23 մլն խմ օգտակար ծավալով վերականգնման տարբերակին: Նախագծման աշխատանքներն ավարտվել են 2005թ. հուլիսին:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սահակյանշին» ՓԲԸ, «Հորիզոն-95» ՍՊԸ, «Արխմոնստրոյ» ՍՊԸ կոնսորցիումը: Իսկ շինարարության վերահսկումն իրականացնում է «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---