Հայաստանում սահմանային ինտեգրացված կառավարման համակարգ կներդրվի

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս-Պետեր Բոէի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, Արմեն Գևորգյանը նշեց, որ այս տարի ՀՀ կառավարությանը կներկայացվի Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի նախագիծը, որն արդեն մշակվել և շրջանառության մեջ է դրվել: Փոխվարչապետն առանձնացրեց նաև կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և անձը հաստատող բիոմետրիկ քարտերի համակարգը Հայաստանում ներդնելու գործընթացը, որին աջակցություն է ցուցաբերում ՄՄԿ-ն: Տեղեկացվեց, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը, և նախատեսվում է, որ հաջորդ տարվանից կլինեն ծրագրի առաջին արդյունքները: Լուրջ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանում սահմանային ինտեգրացված կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ:

Միգրացիոն խնդիրները գտնվում են նաև Հայաստան- Եվրամիություն համագործակցության օրակարգում: Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրով և Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում զգալի դեր է հատկացված միգրացիոն հարցերին` ընդհուպ մինչև անցում Հայաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման դյուրացված համակարգի:

Հանս-Պետեր Բոէն իր հերթին հաստատեց Հայաստանի հետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նշեց, որ ՄՄԿ-ն կօժանդակի ոլորտի խնդիրների լուծմանը: Արտերկրում հայ միգրանտներին աջակցելու գործում ՄՄԿ-ն նախատեսում է աշխատել նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---