Հայաստանը Վենետիկի ճարտարապետական բիենալեում պատվոգիր է ստացել Վենետո իտալական մարզի կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն 5-րդ անգամ մասնակցում է Վենետիկի ճարտարապետական բիենալեին, որն ընթացիկ տարում տեղի է ունենում 12-րդ անգամ «Հանդիպման վայրը` ճարտարապետություն» կարգախոսով օգոստոսի 29-ից նոյեմբերի 21-ը: Այդ մասին լրագրողներին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են երեք հայկական նախագծեր` Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, որը ներկայացվել է Նարեկ Սարգսյանի ստուդիայի կողմից, Գյումրու Կենտրոնական հրապարակը` ներկայացված Գարեգին Եղոյանի ստուդիայի կողմից, երրորդ մասնակիցը դարձել է Աշոտ Գրիգորյանը «Հայկական լեռնաշղթան որպես ճարտարապետական մտքի հենակետ» գաղափարով: Հայաստանի ցուցահանդեսային տաղավարը պատվոգիր է ստացել իտալական Վենետո մարզի կողմից:

«Մենք դեռ ճարտարապետություն ունեցող երկրների շարքում ենք, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար: Բացի դրանից, ճարտարապետական ցուցահանդեսների օգնությամբ մենք փորձում ենք մեզ համար կարևոր խնդիր լուծել` միավորել ողջ աշխարհի հայ ճարտարապետներին և կիրառել նրանց պոտենցիալները Հայաստանում»,- ասել է նա: Նրա խոսքերով, ճարտարապետական բիենալեի գլխավոր մրցանակը հանձնվելու է համաշխարհային ճարտարապետության մեջ ունեցած ավանդի համար. «Ցավոք սրտի, Հայաստանում դեռ չկան այնպիսի խոշոր ճարտարապետներ, որոնք ավանդ ունեն համաշխարհային ճարտարապետության մեջ, բայց մենք պետք է ձգտենք դրան»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---