Հայաստանին և Ուկրաինային առաջիկա մի քանի տարում կհաջողվի կրկնակի կամ եռակի մեծացնել ապրանքաշրջանառությունը

PanARMENIAN.Net - «Մեզ համար առաջնային է Ուկրաինայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում` տնտեսական, քաղաքական, մարդասիրական: Մեր հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն: Մենք միշտ կապված ենք եղել, և այսօր, իրապես, կցանկանայինք լրացնել բաց թողածը»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ նա համոզվածություն է հայտնել, որ առաջիկա մի քանի տարում կհաջողվի կրկնակի, հնարավոր է նաև եռակի մեծացնել ապրանքաշրջանառությունը, առավել շատ ամրապնդել քաղաքական հարաբերությունները և, իհարկե, համագործակցել մարդասիրական ոլորտում:

Մեկնաբանելով այն, թե ինչի հաշվին է ենթադրվում մեծացնել ապրանքաշրջանառությունը, Սերժ Սարգսյանն ասել է. «Այն հիմա էլ վատ չէ, բայց նման հարցերի ես մոտենում եմ ռեզերվների տեսանկյունից: Եթե մեր ապրանքաշրջանառությունը շուրջ 300 մլն դոլար է, ապա ռեզերվը մի քանի անգամ շատ է: Շատ ուկրաինական ապրանքներ, որոնք կարող էին պահանջարկ ունենալ հայկական շուկայում, և հայկական ապրանքներ, որոնք հետաքրքիր կլինեին Ուկրաինայում, դեռ անհասանելի են մեզ համար»: Միաժամանակ նշել է նա, պատճառն այն է, որ պետությունները բավարար չափով դրա վրա չեն աշխատում, և միջկառավարական հանձնաժողով հազվադեպ է հավաքվում: «Մեր գործարարները հաճախ չեն շփվում, ուստի մինչև հիմա մենք քաղաքական մթնոլորտ չենք ստեղծել նման համագործակցության համար»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչպես Ուկրաինան կարող է նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը, ՀՀ նախագահն ասել է, որ միակ ուղին չեզոք դիրքորոշումն է, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը: «Խոշոր տնտեսական նախագծերի իրագործումն ավելի շատ կբարձրացնի Ուկրաինայի հեղինակությունը մեր տարածաշրջանում: Ձեր երկիրը բոլոր ռեսուրսներն ունի դրա համար»,- նշել է Սերժ Սարգսյանը, գրում է ուկրաինական «Պրոֆիլը» ամսագիրը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---