ՀՀ վարչապետը կարևորել է Ռուսաստանի հայերի միության հայապահպան գործունեությունը

ՀՀ վարչապետը կարևորել է Ռուսաստանի հայերի միության հայապահպան գործունեությունը

PanARMENIAN.Net - Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ռուսաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառմանը: Իր ելույթում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի պատմության մեջ տասնամյակը մի ակնթարթ է։ Հասկանալի է, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պատմությունը գնահատի այն դերակատարությունը, որ ունենալու է Ռուսաստանի հայերի միությունը մեր ժողովրդի համախմբման գործում, բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, որ դիտարկելով այս տասը տարվա գործունեությունը, որը ծավալել է Ռուսաստանի հայերի միությունը` տեսնում ենք, որ իրականացված բազում միջոցառումներն անխուսափելիորեն թողնելու են իրենց հետքը ինչպես նորանկախ պետության կայացման, այնպես էլ սփյուռքահայության համախմբման գործում։ Առավել կարևոր է հայապահպանությանն ուղղված գործունեությունը, որը ծավալում է միությունը»։

Խոսելով Ռուսաստանի հայերի միության աշխատանքի մասին` վարչապետը կարևորել է դրա ազդեցությունը համայն հայության ներուժի ամրապնդման ու Հայկական աշխարհի ձևավորման գործում. «Դրանով իսկ ձևավորվում և ամրապնդվում է Հայկական աշխարհը և կապերը հայկական համայքների միջև։ Այսօր անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն աշխատանքներին, որ Ռուսաստանի հայերի միությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Դրանք ոչ միայն հումանիտար ծրագրեր են, այլ նաև իրական ներդրումային ծրագրեր, որոնք նույնպես, համոզված եմ, իրենց դրական արդյունքն են թողնելու ոչ միայն այսօրվա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա, այլ նաև լուրջ հիմքեր են դնում ապագա կայուն զարգացման համար»։

Տիգրան Սարգսյանն ընդգծել է պետական կառույցների ու միության համագործակցության կարևորությունը և նշել, որ դա նպաստում է իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների բազմազան խնդիրների լուծմանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---