ՀՀ Գլխավոր դատախազություն. ՀԴԲ-ի որևէ աշխատակից Հայաստան չի ժամանել

ՀՀ Գլխավոր դատախազություն. ՀԴԲ-ի որևէ աշխատակից Հայաստան չի ժամանել

PanARMENIAN.Net - Մամուլի հրապարակումներն այն մասին, թե ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի 8 աշխատակից ժամանել է Հայաստան, չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային և բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի որևէ գործակալ Հայաստան չի ժամանել: Այդ մասին հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, հայկական մամուլում տպագրված այդօրինակ լուրերի անհեթեթության մասին փաստել էր ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանը` ՀՀ գլխավոր դատախազի հետ դեռևս հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ` հայտարարելով, որ ՀԴԲ-ի որևէ աշխատակից Հայաստան չի ժամանել: «Ինչ վերաբերում է Քեվին Դոնովանին, ապա հարկ ենք համարում պարզաբանել, որ նա տարածաշրջանում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչն է և նրա հիմնական նստավայրը Թբիլիսին է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Քեվին Դոնովանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ-ն կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով: «Առ այս պահը Հայաստանի իրավապահ մարմինները չեն ստացել իրավական փոխօգնության խնդրանք, հետևապես մամուլի այն հրապարակումները, թե ՀԴԲ-ի աշխատակիցներ են Հայաստան ժամանել և սկսել իրականացնել ինչ-ինչ ստուգումները` ընդամենը հերյուրանքներ են, երևակայության արգասիք: Որևէ երկրի իրավապահ մարմնի աշխատակից չի կարող որևէ այլ երկրի տարածքում իրականացնել որևէ քննչական գործողություն` առանց տվյալ երկրի իրավապահ մարմինների նախնական համաձայնությունը ստանալու: Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահները նախկինում ևս համագործակցել են կոնկրետ քրեական գործերով` միմյանց ցուցաբերելով իրակավան օգնություն, և դիտարկվող քրեական գործը բացառություն չէ. իրավական փոխօգնության հարցման դեպքում դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում կաջակցի, իսկ առ այս պահը նման խնդրանք չի ստացվել»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---