2011 թվականին Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտների մակարդակը պետք է բարձրանա

2011 թվականին Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտների մակարդակը պետք է բարձրանա

PanARMENIAN.Net - Կառավարության ծրագրի համաձայն` պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը հարկաբյուջետային գերակա ուղղություններից մեկն է, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային Ժողովում ներկայացնելով 2011 թվականի բյուջեի նախագիծը:

Նրա խոսքով, ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը պետք է ավելանա առանց դրույքաչափերի ավելացման։ «2011 թվականին, ինչպես և նախորդ տարիներին ապահովվելու է բյուջետային եկամուտների հավաքագրման աճի` ՀՆԱ-ի աճի տեմպի նկատմամբ առաջանցիկ տեմպեր։ 2011 թվականի բյուջետային ռեսուրսների փաթեթը հիմնականում կհամալրվի ի հաշիվ հարկային եկամուտների աճի։ Եթե 2010թ. պլանային ցուցանիշը պետական եկամուտների, սոցիալական վճարների և տուրքերի հաշվին մենք ծրագրել էինք, որ կկազմի 675 մլրդ դրամ, ապա 2011թ. ցուցանիշը կազմում է 773 մլրդ դրամ, այսինքն` շուրջ 100 մլրդ դրամով ավելանալու են 2011 թվականի ընթացքում մեր բյուջեի պետական եկամուտները»,- գտնում է վարչապետը:

Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը նշել է, որ այսպիսի հավաքագրումներն իրականացվելու են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2009-2010 թվականներին Հակաճգնաժամային ծրագրի իրականացման շրջանակներում նաև սահմանվել են լրջագույն արտոնություններ ։ «Փոքր և միջին ձեռնարկությունների շրջանակներում իրականացվող հարկային բարեփոխումների ընթացքում շուրջ 35.000 տնտեսվարող սուբյեկտներ հայտնվել են հաստատագրված վճարումների դաշտում։ Արդյունքում շուրջ 24 մլրդ դրամ լրացուցիչ լիկվիդային միջոցներ գտնվում են փոքր և միջին ձեռնարկությունների մոտ»,- ավելացրել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---