Հայաստանը ցանկանում է հասկանա՞լ, թե ուր է գնում Եվրոպան

Հայաստանը ցանկանում է հասկանա՞լ, թե ուր է գնում Եվրոպան

PanARMENIAN.Net - Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը պետք է հասկանա, թե ինքնակազմակերպման որ ճանապարհով է պետք գնալ, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով նոյեմբերի 26-27-ը Երևանում ընթացող «Եվրոպական հեռանկարները Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում» խորագրով խորհրդաժողովում: Ըստ նրա, ԵՄ ձգտելու ճանապարհին Հայաստանը մտադիր է ինստիտուցիոնալ բարեփոխումներ անցկացնել, որպեսզի ժողովրդի ինքնակազմակերպումը համապատասխանի այն արդյունավետ ինքնակազմակերպմանը, որը հատուկ է այսօրվա Եվրոպային: «Սակայն, մյուս կողմից մենք չպետք է կրկնենք այն, ինչը կա, հակառակ դեպքում մշտապես ետ կմնանք»,-ասել է նա:

Վարչապետը որպես օրինակ նշել է այն անդունդը որ կա զարգացած ու զարգացող երկրների միջև, որը մշտապես աճում է, չնայած նրան, որ միջազգային կառույցները անընդհատ ձգտում են կրճատել այդ անդունդը: «Կրկնելն արդեն բավարար չէ, մենք պետք է հասկանանք, թե ո՞ւր է գնում Եվրոպան: Այստեղ մենք տեսնում ենք լուրջ հիմնարար խնդիրներ»,-ասել է նա: Այդ տեսակետից, ըստ Տիգրան Սարգսյանի, հայ ժողովուրդը պետք է ուշադրությունը սևեռի այն արժեքների վրա, որոնց կրողն ինքն է հանդիսանում և դրանից ելնելով ընտրի ինքնակազմակերպման իր ուղեգիծը, որը, միևնույն ժամանակ այլընտրանք չէ եվրոպական ուղղությանը:

Միևնույն ժամանակ վարչապետը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ժամանակակից աշխարհը մրացկցությունը տեղափոխում է մտավոր դաշտ և մրցունակ են այն ժողովրդները, որոնք գիտատար հասարակություն ունեն:

 Ուշագրավ
---