7 փետրվարի 2011 - 16:53 AMT
ՀՀ ԿԲ. Ընթացիկ տարում առևտրային բանկերի վարկավորման ծավալների աճի տեմպերը կնվազեն

2010թ. Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ աճել է 210 մլրդ դրամ, լրագրողներին է ասել ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը:

Ըստ նրա, գրանցվել է տոկոսադրույքների նվազում բոլոր վարկային պրոդուկտների համար: «Դա վերջին 5-6 ամսվա մեր քաղաքականության արդյունքն է: Ուրախացնում է այն փաստը, որ վարկային միջոցները հիմնականում ուղղվել են արդյունաբերության ու ներդրումների ոլորտ, ինչը հանգեցրեց արդյունաբերության մասնաբաժնի աճին երկրի ՀՆԱ-ում»,-ասել է նա:

Փորձագետը հաղորդեց նաև, որ 2011թ. դրամավարկային պայմանները կխստացվեն, ինչը կհանգեցնի վարկավորման ծավալների տեմպերի նվազեցմանը, որի հետևանքով, հավանաբար, կաճեն տոկոսադրույքները: «Այդ քայլը կձեռնարկվի ավելորդ գնաճային ճնշումները կանխելու համար»,-հավելել է նա: