Հայաստանի առևտրային բանկերն արդեն ստացել են շուրջ 1000 դիմում պլաստիկ քարտերով կենսաթոշակներ ստանալու համար

Հայաստանի առևտրային բանկերն արդեն ստացել են շուրջ 1000 դիմում պլաստիկ քարտերով կենսաթոշակներ ստանալու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի միջև ստեղծվում է առողջ մրցակություն կենսաթոշակների անկանխիկ հաշվարկի ծառայությունների տրամադրման համար Հայաստանում գործող կենսաթոշակային վճարումների նոր կարգի համաձայն: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովման վարչության պետ Սմբատ Սաիյանը: Նրա խոսքերով, այդ գործընթացը նոր է թափ առնում, և վերջին օրերի դրությամբ առևտրային բանկերն արդեն ստացել են շուրջ 1000 դիմում պլաստիկ քարտերով կենսաթոշակ ստանալու համար:

Իր հերթին, «Հայէկոնոմբանկի» պլաստիկ քարտերի գործառնությունների վարչության պետ Վարդան Եղիազարյանը հաղորդել է, որ արդեն փետրվարի 21-ից թոշակառուները կարող են դիմել բանկ և կենսաթոշակային հաշվեհամար բացել: Դրա հետ կապված` նա հավելել է, որ բանկը նախատեսում է «Նատալի ֆարմ» դեղատների ցանցի հետ համատեղ թողարկել 100 000 քարտ, ինչը կազմում է թոշակառուների ընդհանուր թվի 20 տոկոսը: Նա նշել է, որ քարտերը թոշակառուներին տրամադրվում են հետևյալ նպաստավոր պայմաններով` հաշիվների անվճար բացում, պլաստիկ քարտերի անվճար տրամադրում և սպասարկում, հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվող տոկոսադրույք` տարեկան 5 տոկոս, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցից դեղորայքի ձեռքբերում 5 տոկոս զեղչով:

2011 թ-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ ֆինանսական համակարգի միջոցով կենսաթոշակների վճարման նոր ընթացակարգ, որն իրականացվում է ՀՀ տարածքում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով: Ներկայումս տվյալ գործընթացին մասնակցում է ՀՀ տարածքում գործող 15 առևտրային բանկ («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Անելիքբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ, «ԲՏԱ բանկ» ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Մելլաթբանկ» ՓԲԸ) և 6 ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն («Ադալև Ռիա» ՍՊԸ, «Ի-դրամ» ՍՊԸ, «ԿՎԱԴՐԱԿՈՄ» ՍՊԸ, «Դեպի տուն» ՍՊԸ, «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ» ՍՊԸ, «Հայփոստ» ՓԲԸ): Համաձայն նոր կարգի, յուրաքանքանչյուր կենսաթոշակառու ինքնուրույն է որոշում, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը՝ կանխիկ եղանակով փոստատարի կամ առաքիչի միջոցով, թե անկանխիկ՝ իր կողմից ընտրած բանկում հաշիվ բացելու միջոցով: Ընդ որում, այդ նպատակով բացված բանկային հաշվի բացումը, վարումը և սպասարկումն իրականացվում են անվճար: Հաշվի առնելով, որ կենսաթոշակառուն կարող է բացել բանկում կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշիվ, բանկերի կողմից առաջարկվում են նաև վճարային քարտեր: Բանկային հաշվին կցված վճարային քարտը նույնպես տրամադրվում և սպասարկվում է անվճար, բացառությամբ այլ բանկերին պատկանող բանկոմատներից դրամական միջոցներ ստանալու գործարքից:

Կենսաթոշակը բանկային հաշվով կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն կարող է այցելել իր բնակության վայրին մոտ գտնվող, վերը ներկայացված ցանկում ներառված որևէ բանկ, բանկի մասնաճյուղ կամ վճարահաշվարկային կազմակերպություն, լրացնի կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշվի բացման կամ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարման դիմում: Ընդ որում, կանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու դեպքում, դիմումում նշում է, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը` անձամբ այցելելով տվյալ վճարահաշվարկային կազմակերպության գրասենյակ, թե առաքիչի կամ փոստատարի միջոցով տուն հասցնելու միջոցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---