Տիգրան Ջրբաշյան. Mobile Banking ներդնելու համար մոտ երկու ամիս կպահանջվի

Տիգրան Ջրբաշյան. Mobile Banking ներդնելու համար մոտ երկու ամիս կպահանջվի

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Apple Store-ում ներկայացված առաջին հայկական բանկն է: Համաձայն իր ռազմավարությամբ ամրագրված քաղաքականության` «Ամերիաբանկը» շարունակում է ներդրումներ իրականացնել ինովացիաների ներմուծման, առաջադեմ տեխնոլոգիական միջոցների զարգացման ուղղությամբ:

Բանկի հերթական ինովացիան այս անգամ հնարավորություն է ընձեռում ամենուր հասանելի լինել Բանկի վերաբերյալ տեղեկատվությանը` iPhone տեսակի հեռախոսի միջոցով: «Դա բավական լավ, առաջադեմ ծրագիր է, որը դեռևս թեստային ռեժիմում է գտնվում: Այն հատվածը, որը մեզ հետաքրքրում է, iPhone ունի, իսկ Հայաստանն այն երկիրն է, որտեղ բնակչության մեկ հոգուն աշխարհում ամենամեծ թվով iPhone է բաժին ընկնում»,- ապրիլի 22-ին ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Բեռնելով Apple Store-ում «Ամերիաբանկի» ծրագիրը (Application)` հնարավոր է ծանոթանալ Բանկի նորություններին, փոխարժեքներին, առաջարկվող ծառայությունների փաթեթին և տրամադրման պայմաններին, մասնաճյուղերի և բանկոմատների հասցեներին: Միաժամանակ հնարավորություն է ստեղծված ինտերակտիվ քարտեզի միջոցով արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում:

Բանկի ծրագրերի մեջ մտնում է այդ հնարավորությունները տարածել նաև սմարթֆոնների և Անդրոիդների մյուս ծրագրերի վրա: «Լինելով նորարար` մենք ցանկանում ենք պահպանել այդ դիրքերը և նոր մոտեցումներ ենք օգտագործելու հաճախորդների հետ հաղորդակցության համար»,- ավելացրել է նա:

Ներկայումս տարվում են աշխատանքներ մոտ ապագայում ներկայացված հիմքի վրա Mobile Banking-ը զարգացնելու ուղղությամբ, որը հաճախորդների համար գործարքների կատարման հնարավորություն կստեղծի իրենց անձնական iPhone հեռախոսներից: «Դրա համար մոտ երկու ամիս կպահանջվի, որպեսզի մեզ մոտ դա լինի միջազգային չափանիշներով Mobile Banking»,- նշել է բանկի աշխատակիցը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---