Կաննի կինոշուկայի շրջանակներում տեղի ունեցավ հայկական «Չնչիկ» ֆիլմի դրվագների ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնի թիվ 20.03 տաղավարում մայիսի 14-ին Կաննի կինոշուկայի շրջանակներում տեղի ունեցավ ռեժիսոր Արամ Շահբազյանի (պրոդյուսերներ` Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան) հետարտադրական փուլում գտնվող «Չնչիկ» ֆիլմի աշխատանքային տարբերակի դրվագների ցուցադրությունը:

Կինոնկարի հոլանդացի համաարտադրող Էլս Վանդեվորստը խոսելով ֆիլմի մասին, նշեց, որ այն բավականին երկար ճանապարհ է անցել և այժմ գտնվում է մոնտաժային աշխատանքների փուլում, որոնք կսկսվեն հունիսի 1-ից: Տիկին Էլսը նշեց նաև, որ կինոնկարի նախագծի մեկնարկը ֆինանսավորվել է «Ավանտի» նախագծերի և սցենարների զարգացման աջակցության ծրագրի կողմից: Էլս Վանդեվորստը ներկայացրեց կինոնկարի աշխատանքային տարբերակից հատվածներ և լուսանկարներ, որոնք արժանացան ներկաների հավանությանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքերով, այս տարի իրենք նախատեսել են Կաննի կինոշուկայում կազմակերպելու և ներկայացնելու ևս մի քանի այլ հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերի աշխատանքային նյութերը, որոնք նոր գործընկերների կարիք ունեն: Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված այդ ֆիլմերը Կաննի կինոշուկայում ներկայացնելու համար իրենք նախապես ստացել են դրանց պրոդյուսերների համաձայնությունը: Գ.Գևորգյանը վստահեցնում է, որ աշխատանքային նյութերի ցուցադրությունները կինոշուկայում կնպաստեն նոր գորընկերների ձեռքբերմանը: Ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով հայկական պատվիրակության հետ այս օրերին գտնվում է Կաննում, նշեց, որ ինքը զբաղվում է միայն կինոնկարի ստեղծագործական հատվածով, իսկ մնացածը վստահված է պրոդյուսերներին (Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան): «Ներկայումս ֆիլմն ունի ֆինանսկան խնդիրներ, և այս ցուցադրությունը թերևս լավ հնարավորություն է նոր գործընկերներ գտնելու`այն ավարտին հասցնելու համար»,- ասաց ռեժիսորը:

Նույն օրը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հանդիպեց նաև չեխական «Բարանդով» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ արտադրության մի քանի ծրագրեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց աշնանը Երևանում կազմակերպել «Բարանդով» ստուդիայի շնորհանդեսը, ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրել մեկ մանկական ֆիլմ:

Մայիսի 14-ին ֆրանսիական Կաննի հայկական տաղավարում տեղի ունեցավ երեկոյան կոկտեյլ, հաղորդում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը:

62  64-րդ Կաննի կինոփառատոն
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---