Տիգրան Սարգսյանը համագործակցության հարցեր է քննարկել Ուկրաինայի և Ավստրիայի վարչապետների հետ

Տիգրան Սարգսյանը համագործակցության հարցեր է քննարկել Ուկրաինայի և Ավստրիայի վարչապետների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը Վիեննայում է գտնվոում Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով, երկկողմ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի և Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանի հետ:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության խնդիրներ: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, տնտեսական, ֆինանսական վիճակը, երկրի սպասելիքներն ու ակնկալիքները: Խոսվել է Ուկրաինայում ընթացող բարեփոխումների մասին: Ներկայացվել են առկա մակրոտնտեսական ցուցանիշները և Ուկրաինայի վարչապետի գնահատականները, թե իրենք ինչ ցուցանիշներով են ծրագրում ավարտել տարին: Քննարկվել է տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության հարցեր:

Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես նշվել է, թե ինչ առաջնահերթություններ ունի Հայաստանը տնտեսության մեջ, և որոնք են փոխգործակցության զարգացման առումով Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող ճյուղերը: Հատկապես առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային արդյունաբերության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտները: Հայաստանի և Ավստրիայի վարչապետերի հանդիպմանը խոսվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Վերներ Ֆայմանը հետաքրքրվել է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով, նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումներով ու տարածաշրջանային խնդիրներով:

Այցի ընթացքում նախատեսված է Տիգրան Սարգսյանի հանդիպումը նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---