Հայաստանի պատվիրակությունը Փարիզում կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-Ի նստաշրջանին

Հայաստանի պատվիրակությունը Փարիզում կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-Ի նստաշրջանին

PanARMENIAN.Net - 2011 թ. հունիսի 15-24-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի Միրո-1 և 2 դահլիճներում կգործի «Խաչքարի արվեստ` հայկական սուրբ քարեր» խորագրով ցուցահանդեսը` ներկայացնելով հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության դրսևորման անկյունաքարերից մեկը` խաչքարի մշակույթը: Ցուցադրությունում ներառվել են տարբեր ժամանակներում և պատմական Հայաստանի տարբեր շրջաններում կերտված լավագույն խաչքարերի շուրջ 60 լուսանկարներ, ինչպես նաև խաչքարային մշակույթի տարածման արեալներն ընդգրկող քարտեզ ու խաչքարի մշակույթը լուսաբանող գիտական բացատրագրեր: Այցելուների համար հրատարակվել է նաև ցուցահանդեսի կատալոգը` անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզ են մեկնել նաև Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ԵՊՀ արվեստաբանության ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը, նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը: Միջոցառմանը կմասնակցի նաև Փարիզից արվեստի պատմության դոկտոր Պատրիկ Տոնապետյանը:

Ցուցահանդեսի ընթացքում նկարիչ-քանդակագործ Ռոբերտ Մինասյանը տեղում` քարի վրա աշխատելով, այցելուներին կներկայացնի խաչքարի կերտման տեխնիկան ու վարպետությունը, մեկ անգամ ևս փաստելով մեզանում ոչ նյութական մշակութային ժառանգության մաս հանդիսացող խաչքարագործության կենդանի և կենսունակ լինելու հանգամանքը:

Ցուցահանդեսը կայանալու է Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթի և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 35-րդ և «Մշակութային ինքնաարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի նստաշրջանների շրջանակներում, հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---