Կազանից առաջ Արևմուտքն Ալիևի հետ հատուկ աշխատանք է տարել, համոզված է ռուս փորձագետը

Կազանից առաջ Արևմուտքն Ալիևի հետ հատուկ աշխատանք է տարել, համոզված է ռուս փորձագետը

PanARMENIAN.Net - Մինչ Կազանի հանդիպումն արևմտյան ուժերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հատուկ աշխատանք են տարել, որպեսզի հանդիպմանը չստորագրվի փաստաթուղթ: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է Սևծովյան և Կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Ռուս փորձագետի համոզմամբ, միայն այդպես կարելի է բացատրել այն հանգամանքը, թե ինչու հանդիպմանն Ալիևը ներկայացրեց 10 նոր առաջարկ:

«Բանն այն է, որ ԱՄՆ չի հրաժարվել Իրանի հետ պատերազմ սկսելու մտքից, որը նախատեսված է 2012-ին: Որքան աճում է պատերազմի հավանականությունը, այնքան ակնհայտ է, որ անհրաժեշտ է ունենալ Իրանին մոտ տարածքներ, որտեղից կարող են երկինք բարձրանալ ամերիկյան ինքնաթիռները: Ադրբեջանի հետ դա չի ստացվի, իսկ ահա Ղարաբաղը կարելի է օգտագործել որպես վայրէջքի և վերելքի հարթակ ամերիկյան ինքնաթիռների համար»,- ասել է Զախարովը:

Ռուս փորձագետի կարծիքով, առաջիկայում հեռանկարներ չկան ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, քանի որ չափազանց շատ խաղացողներ են ցանկանում զբաղվել այս հակամարտությամբ:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---