Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչի համար բուրդ չփխելը նորածնի կյանքից կարևոր է

Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչի համար բուրդ չփխելը նորածնի կյանքից կարևոր է

PanARMENIAN.Net - Երկու օր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Վայք քաղաքի բնակիչներից` քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում տիրող իրավիճակի մասին: Նախօրեին «Չենք լռելու»-ի ակտիվիստները մեկնել են ահազանգի հետքերով:

Ներկայացվող դեպքը պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպես պարզվել է, միակը չէ այդ շարքից: Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ և սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին:

«Չենք լռելու»-ն տարածել է տեսանյութ, որում կնոջ հարազատները՝ Ավետիք Իխպիարյանը և Ծովինար Խաչատրյանը, պատմում են իրողությունը: Ինչպես նշում են նրանք տեսանյութում, երբ երիտասարդ կնոջը երկունքի ցավերով օգոստոսի 11-ին բերել են Վայքի հիվանդանոց, բուժքույրը հրահանգ է ստացել բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանից դիմեդրոլ+անալգին ներարկել կնոջը և ետ ուղարկել գյուղ: Անգամ հարազատները հասկացել են, որ նման բանը հակացուցված է ծննդաբերող հնոջ համար, ոչինչ չեն կարողացել անել, քանի որ բուժքույրը ասել է, որ իրեն այդպես է հրահանգված: Հետագայում՝ մի քանի օր անց, երբ Հովհաննիսյանին զանգել և հայտնել են, որ արդեն ծնունդ ընդունելու ժամանակն է, նա հեռախոսով նշել է, թե «բուրդ է չփխում ու կգա հիվանդանոց, երբ գործը ավարտի», միևնույն ժամանակ հրահանգելով «ձգձգել ծնունդը»:

Ապա, երբ «բժշկուհին» մի քանի ժամ անց եկել է, պարզվել է, որ հիվանդանոցում նորածինի համար թթվածին չկա, համապատասխան որևէ պարագա չկա, ամեն ինչ պետք է գնեն հարազատները և բերեն հիվանդանոց: Ծնունդը, ըստ հարազատների, անցել է ծանր: Իսկ ծնունդից հետո մանկան կիսամեռ մարմինը Մետաքսյա Հովհաննիսյանը թողել է սեղանին, ասել է. «թող մահանա, հետո կգամ կհերձեմ, տեսնեմ ինչ է պատահել, ինչու թոք չունի»:

Արդյունքում երեխային տեղափոխել են Երևանի Մուրացանի անվ. հիվանդանոց: Այդտեղ երեխային նկարել են, ուղարկել են նկարները Անգլիա, որտեղից պատասխան է եկել, որ գանգի հարվածից արյան զեղում կա ուղեղում ու որևէ բան անել անհնարին է: Երեխան մինչ օրս տանջվում է, և հարազատները չգիտեն որքան կտևի այդ տանջանքը:

Ավետիք Իխպիարյանը նշում է, որ Վայքում լավ մասնագետներ շատ կան, սակայն ոչ մեկին չեն թողնում աշխատել, քանզի Մետքասյա Հովհաննիսյանը մեծահարուստ կին է, իսկ վերջինիս եղբայրը աշխատում է ԱԱԾ-ում: Այդ հանգամանքը Հովհաննիսյանը օգտագործել է նաև այս միջադեպը լռեցնելու համար՝ սպառնալով Իխպիարյանին հաշվեհարդար տեսնել վերջինիս հետ:

Տեսանյութում նշվում է, որ սա միակ նման դեպքը չէ, և եթե բարձրաձայնվի, ապա էլի դեպքեր կհայտնաբերվեն, որոնք հանդիսանում են Մետաքսյա Հովհաննիսյանի անմարդկային վերաբերմունքի արդյունք:

«Չենք լռելու»-ն տեսանյութում ներկայացվող փաստերի վերաբերյալ շտապ պահանջում է առողջապահության նախարարի պարզաբանումները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---