«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադիամ-Հայաստան» ծրագիրը մոտենում է ավարտին

«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադիամ-Հայաստան» ծրագիրը մոտենում է ավարտին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին կավարտվի «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադիամ-Հայաստան» հնգամյա ծրագիրը, որն իրականացվում էր 2006 թվականի սեպտեմբերից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագիրն ամփոփեց և կատարված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքները ներկայացրեց ՊՈԱԿ գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ «Անցյալ շաբաթ Նոյեմբերյանի շրջանում պաշտոնապես բացեցինք պոմպակայանն ու ջրթափային պատվարը, ու սկսեցինք ավարտական փուլի բացումների, հանձնումների շարքը»,- ասաց Արա Հովսեփյանը։ Նա նշեց, որ ծրագրի շրջանակում արդեն իսկ ծախսվել է 146 մլն դոլար, և դեռ 30 մլն էլ կծախսվի մինչև ավարտը։

«Ոռոգվող գյուղատնտեսություն» ծրագրի ոռոգման ենթակառուցվածքներ բաղադրիչի շրջանակում ավարտվել է 6 մայր ջրանցքների վերանորոգումը, կառուցվել և վերանորոգվել են 25.7 կմ հատվածներ, վերականգնվել են 268 ոռոգման կառուցվածքներ, ավարտվել է 5 ինքնահոս համակարգերի վերականգնումը, մաքրվել են 9 կոլեկտորներ դրենաժի մայր ջրանցքներում, վերականգնվել է 50 արտեզյան հոր Արարատյան հարթավայրում, ներկրվել և 17 պոմպակայաններում տեղադրվել են 61 պոմպեր։ Զուգահեռ իրականացվել են նաև «Ջրից դեպի շուկա» և «Ոռոգման կառույցներին օժանդակություն» ծրագրերը։

Բանախոսը նշեց, որ այս ամենի շնորհիվ ավելացել են ոռոգման ենթակա հողատարածքները, հարյուրավոր գյուղական համայնքներ ապահովվել են հուսալի ոռոգման ջրով և հնարավորություն են ստացել պլանավորել իրենց տնտեսությունը։

«Այս ծրագրի շնորհիվ Հայաստանը ցույց տվեց, որ ունակ է կարճ ժամկետում նման ծրագիր իրականացնել»,- նշեց Արա Հովսեփյանը՝ հավելելով, որ այս ծրագրի նման ևս մեկ ծրագիրն անգամ բավական չի լինի Հայաստանում ոռոգման համակարգը ամբողջովին վերականգնելու համար։ Բանախոսը նշեց, որ Հայաստանում 2-րդ ծրագրի իրականացումը կախված է մի շարք գործոններից և խուսափեց ենթադրություններ անել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---