Երիտասարդները կմաքրեն ու կցանկապատեն Ախթալայի «Մեյրաման» մատուռը

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի 30 ուսանողներ սեպտեմբերի 16-ին կմեկնեն Ախթալա՝ բարեկարգելու, մաքրելու և ցանկապատելու Ախթալայի «Մեյրաման» մատուռն ու հարակից տարածքը` կանխելով հնարավոր փլուզումներն ու ավերածության պատճառները: Ախթալայի «Մեյրաման» մատուռը կառուցվել է 13-րդ դարում Կյուրիկե թագավորի դուստր Մարիամի կողմից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ «Աջակցենք հայկական հուշարձանների պահպանմանը» խորագիրը կրող ծրագիրը կմեկնարկի Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցուց, որը հայտնի է իր որմնանկարներով և ամրոցով, որտեղ երիտասարդ համալսարանականները կծանոթանան եկեղեցու կառուցման պատմությանը, կստանան եկեղեցու քահանայի օրհնությունը։ Այնուհետև մասնակիցները կսկսեն «Մեյրաման» մատուռի տարածքի մաքրման, ցանկապատման աշխատանքները։ Ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև Ախթալա քաղաքի երիտասարդները և բուհերում սովորող ուսանողները: Աշխատանքների ավարտից հետո մասնակիցները կմեկնեն Հաղպատի եկեղեցի:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Աջակցենք հայկական հուշարձանների պահպանմանը» ծրագրի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել հայկական միջնադարյան հուշարձաններին, ինչպես նաև բարձրացնել հասարակության ուշադրությունը հուշարձանների պահպանման խնդիրների նկատմամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---