Մի շարք հայ մշակութային գործիչներ արժանացան ՀՀ Ժողովրդական արտիստի կոչմանը

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ պարգևատրեց Հայ Առաքելական եկեղեցու, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում մեծ ավանդ ներդրած անձանց: Իր ելույթում նախագահը նշեց, որ մտավորականները միշտ եղել են անկախության գաղափարների կրողն ու քարոզողը: Նրանք ենթարկվել են հալածանքների, երբեմն կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի: Նախագահը շեշտեց նաև Հայ Առաքելական եկեղեցու մեծ դերակատարման մասին` նշելով, որ նրանք, բացի հոգևոր առաքելությունից, կատարել են նաև մշակութային և դատական մեծ գործունեություն:

Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից նախագահը պարգևատրել է Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանին, Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին և Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Մշակույթի ոլորտում նշանակալի ավանդի համար պարգևատրվել են երգիչներ Օֆելյա Համբարձումյանը և Ռուբեն Մաթևոսյանը, կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը և Տիգրան Մանսուրյանը: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նախագահը 1-ին աստիճանի մեդալով պարգևատրեց դերասանուհի Ժենյա Ավետիսյանին, 2-րդ աստիճանի մեդալով` գրող Արտեմ Հարությունյանին: Գիտության վաստակավոր գործչի կոչման են արժանացել ԳԱԱ ակադեմիկոսներ Ռոբերտ Աթոյանը, Էդուարդ Խաչեյանը, ԵՊՀ պրոֆեսոր Գևորգ Բաղդասարյանը, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լևոն Եզեկյանը, Երևանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: ՀՀ Ժողովրդական արտիստի կոչման արժանացան կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, Գեղունի Չիտչյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը, երգիչներ Ֆլորա Մարտիրոսյանը և Թովմաս Պողոսյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: Ժողովրդական նկարչի կոչման արժանացավ Ստեփան Անդրանիկյանը: Սպորտի ոլորտում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար նախագահը 1-ին աստիճանի մեդալով պարգևատրեց բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամին և Վախթանգ Դարչինյանին, նախկին ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանին և Էդուարդ Մարկարովին, իսկ Սպորտի վաստակավոր գործչի կոչման արժանացրեց ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---