8  10.10.11 - Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը լիովին քանդվեց

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը Երևանում այլևս չկա. Բառացիորեն մեկ օրում այն հողին է հավասարեցվել

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը Երևանում այլևս չկա. Բառացիորեն մեկ օրում այն հողին է հավասարեցվել

PanARMENIAN.Net - Հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը Երևանում այլևս գոյություն չունի: Բառացիորեն մեկ օրում տունը, որտեղ բնակվել է «Սարդարապատի ճակատամարտ» հուշահամալիրի, Հաղթանակի հուշարձանի հեղինակը, հողին է հավասարեցվել:

Հոկտեմբերի 8-ին PanARMENIAN.Net ը լուսանկարչական տեսանյութ և փոքր հոդված հրապարակեց Իսրայելյանի տան ոչնչացման մասին, որը կառուցվել է նրա իսկ կողմից 1954 թվականին, և որի պատերի որոշ զարդաքանդակներ նա ինքն է փորագրել սեփական ձեռքերով: Լուսանկարների հրապարակումից հետո Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը:

Իսկ այսօր` հոկտեմբերի 10-ին, Սարյան փողոցում` նույն տեղում, որտեղ դեռևս մի քանի օր առաջ կանգուն էին տան պատերը, միայն շինարարական աղբի սարեր են խոյանում: Եվ կասկածելու առիթ անգամ չկա, որ շուտով այդ տեղում հերթական հյուրանոցային համալիրն է կառուցվելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, այդ տարածքը, ըստ Երևանի Կենտրոնի գոտիավորման հատակագծի, հանդիսանում է ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտի, և նշված նախագիծը հակասում է Երևանի քաղաքապետարանի պատվերով կատարված գոտիավորման նախագծին։

Իր հերթին ճարտարապետ Արսեն Կարապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր. «Կարելի է մատների վրա հաշվել այն շենքերը, որոնք պահպանում են մեր քաղաքի հիշողությունը»: Ըստ նրա, Իսրայելյանն այն մարդն էր, որն արժանի է, որ նրա տունը պահպանվի: «Նրա ավանդը հայկական ճարտարապետության մեջ այնքան մեծ է, որ հերթական հյուրանոցը կառուցելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ այն վերածել տուն-թանգարանի»,- ասել է նա : Ըստ նրա, Երևանը վերածվում է հիշողություն չունեցող մի քաղաքի:

Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով կառուցվել է շուրջ 150 շենք: Նա ստեղծել է հուշակոթողների նոր տեսակ` ոչ մեծ հուշարձան-կոթողներ` ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին: Իսկ տունը, որտեղ ապրում էր գործընկերների հարգանքը վայելող և Երևանը, ինչպես և ողջ Հայաստանը ավելի գեղեցիկ դարձնել ձգտող հայտնի ճարտարապետը, արժանացավ ոչ նախանձելի ճակատագրի. ոչնչացվեց, ինչպես սերունդներ անց, հնարավոր է, կոչնչանա իրենց կյանքը հայրենիքին նվիրած մարդկանց հիշատակը:

17  08.10.11 - Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը քանդվում է` տեղը զիջելով "Հուրանոցային բազմաֆունկցիոնալ շենքի"
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---