Արմեն Գեւորգյանն ու Օլիվեր Ֆիշերը քննարկել են մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր

Արմեն Գեւորգյանն ու Օլիվեր Ֆիշերը քննարկել են մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում 2011թ. մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ժողովրդագրական ծրագրերի տնօրեն Օլիվեր Ֆիշերին: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Զրուցակիցները քննարկեցին հանրապետությունում իրականացվող մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր: Օ. Ֆիշերը տեղեկացրեց, որ հետեւել է գործընթացին եւ տպավորված է ինչպես աշխատանքների բարձր կազմակերպվածությամբ, սահուն ընթացքով, այնպես էլ հաշվարարների պատրաստվածությամբ եւ պատասխանատու աշխատանքով:

Անդրադարձ եղավ նաեւ մարդահամարի արդյունքների ամփոփման հարցերին: Հյուրը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստան են ժամանելու ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի մասնագետներ, ովքեր կաջակցեն հայաստանցի գործընկերներին այդ աշխատանքների կազմակերպման հարցերում:

Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը` մարդահամարի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար: Նա կարեւորեց նաեւ ամերիկյան կողմի օժանդակությունը գործընթացի հաջորդ` արդյունքների ամփոփման փուլին: Նշելով, որ մարդահամարի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը վստահություն է ներշնչում շահագրգիռ կողմերին` Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ կառավարությունն աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների, տարբեր պետությունների հետ` արդյունքների ամփոփման փուլի համար անհրաժեշտ միջոցների ներգրավման ուղղությամբ, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---