Անահիտ Բախշյանը զեկուցել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Անահիտ Բախշյանը զեկուցել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

PanARMENIAN.Net -

Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունում հոկտեմբերի 21-ին հրավիրվել է ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել և հավանություն է տրվել օրակարգային հիմնական հարցին` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկը: Հարցի մասին զեկուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:

Կոլեգիայի նիստին մասնակցել են նաև ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում կարևորվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը սովորական հանրակրթական դպրոցներում կազմակերպելու խնդիրը:

Կոլեգիայի անդամներն ընդգծել են, որ վերջերս հաստատված հանրակրթության չափորոշիչը այդպիսի հնարավորություն ընձեռում է: Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը սահմանափակ կարողությամբ երեխաներին հասարակական կյանքում լիարժեք ներգրավելու և նրանց հասարակության լիարժեք անդամ զգալու հնարավորության ընձեռումն է: Հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված դիտողություններն ու առաջարկները` օրենսդրական փոփոխությունը կլրամշակվի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից սահմանված կարգով կներկայացնի կառավարության հաստատմանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---