8  26.10.11 - Երթ հաշմանդամություն ունեցող անձանց, հասարակական գործիչների և Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ

Հաշմանդամները քաղաքապետին ևս մեկ անգամ հիշեցրել են իրենց գոյության ու ոտնահարված իրավունքների մասին

Հաշմանդամները քաղաքապետին ևս մեկ անգամ հիշեցրել են իրենց գոյության ու ոտնահարված իրավունքների մասին

PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ունեցող անձինք, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր փորձել են հասարակական տրանսպորտով մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանից հասնել Երևանի քաղաքապետարան և իրենց ուղերձը փոխանցել քաղաքապետին:

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց, որ ակցիայի նպատակը հաշմանդամների ոտնահարված իրավունքների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելն է. «Հասարարկական տրանսպորտը ընդհանրապես հասանելի չէ հատկապես անվասայլակներով հաշմանդամների համար։ Ձևական շատ բաներ կան։ Օրինակ՝ էլեկտրական տնարսպորտը մեզ համար անվճար է, բայց չենք կարող մտնել»։

Նա նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է, որ օրենք ընդունվի՝ բոլոր նոր մրցույթների ժամանակ պահանջվի պահպանել հաշմանդամների հարմարավետության համար անհրաժեշտ պայմանները։ Շինարարության ոլորտում այդ օրենքը կա, բայց գրեթե միշտ խախտվում է, իսկ եթե թեքահարթակ լինում էլ է 1-ը 10-ին հարաբերակցության փոխարեն՝ 1 մ բարձրության դեքում 10 մ թեքահարթակ, կառուցվում է 1-ը 5-ին, ինչը անհնար է դարձնում դրանից օգտվելը։

«Ունիսոն» ՀԿ փոխտնօրեն Շուշան Նահապետյանը փորձեց մտնել մետրոյի Հանարեպետության հրապարակի կայարան, սակայն դա նրան չհաջողեց. «Այս թեքահարթակը այնքան մեծ թեքությամբ է ու այնքան նեղ, որ եթե չմահանամ, ապա հաստատ կրկնակի հաշմանդամություն ձեռք կբերեմ»։

«Ուզում ենք դեռ խնդիրը ցույց տալ, հետո անցնել կոնկրետ առաջարկների, ծրագրերի ներկայացման։ Մենք պատրաստ ենք համագործակցության. ոչ թե քննադատել, այլ առաջարկել լուծումներ»,- ասաց Կարեն Անդրեասյանը, որը հանդես էր գալիս որպես անվասայլակով հաշմանդամներից մեկի ուղեկիցը՝ օգնելով հաղթահարել Հրապարակից քաղաքապետարան ընկած ճանապարհի բորդյուրներն ու աստիճանները։

Ճանապարհին խումբն անցավ Դատախազության շենքի մոտով։ Հաշմանդամներից ոմանք ցուցադրաբար փորձեցին բարձրանալ աստիճաններով, որը նրանց, իհարկե, չհաջողվեց։ Իսկ դատախազության աշխատակիցները դուրս գալու, օգնելու փոխարեն ներսից փակեցին դռները։

Քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցներին դիմավորեց տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, քանի որ քաղաքապետը բացակայում էր ֆրանկոֆոնիայի շրջանակում անցկացվող միջոցառմանը մասնակցելու պատճառով։

Նավասարդյանը նշեց, որ դեկտեմբերին կներկրեն ավտոբուսների նոր խմբաքանակ, որը սակայն նույնպես հարմարեցված չի լինի հաշմանդամների համար։ Պարզվում է՝ գործարանային հարմարեցված ավտոբուսները շատ թանկ են։ «Մենք նախատեսում ենք մեր միջոցներով տեղադրել նման սարքեր ավտոբուսների նոր խմբաքանակի վրա»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը՝ խոստանալով նամակը փոխանցել քաղաքապետին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---