«Հաքաթոն [YAN] Երևան 2011»-ում հաղթեց լսողության խանգարումներ ունեցողների համար ծրագիրը

«Հաքաթոն [YAN] Երևան 2011»-ում հաղթեց լսողության խանգարումներ ունեցողների համար ծրագիրը

PanARMENIAN.Net - Քիչ առաջ «Գոլդեն թյուլիփ Երևան» հյուրանոցում կայացավ «Հաքաթոն [YAN] Երևան 2011» մրցույթի մրցանակաբաշխությունը։

Երևանի քաղաքապետարանի և Քրոնիմետ հիմնադրամի կողմից սահմանված Լավագույն նախագիծ անվանակարգում հաղթող ճանաչվեց «Օգնական» թիմի լսողության խանգարումներ ունեցողների համար բջջային ծրագիրը, մրցանակը` 350 հազ. դրամ:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից մրցանակներ ստացան Open MS թիմը` խցանումների հաշվարկ կատարող ծրագրի համար (մրցանակը` 1 մլն դրամ), BigBrain թիմը` Kinect Stand տեղեկատվական հարթակ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախագծի համար (մրցանակը` 500 հազ. դրամ), I.N.S. թիմը` ոստիկանների և վարորդների միջև արդյունավետ կապի հաստատման նպատակով TRREBIT ծրագրի համար (մրցանակը` 300 հազ. դրամ):

mLAB-ի կողմից սահմանված մրցանակներ ստացան Cyber Gates թիմը` Mapy հեռախոսային ծրագրի համար (500 հազ. դրամ) և Annoisy թիմի Annoisy ծրագիրը` հասարակական անդորրը խաթարող աղմուկի մասին համապատասխան գերատեսչություններին արագ տեղեկացման համակարգի ստեղծման համար (500 հազ.):

Լրատվության այլընտրանքային ռեսուրսների կողմից սահմանված խրախուսական դրամաշնորհը ստացավ TumoThon թիմը` Yerevan In Action ծրագրի համար:

Խրախուսական մրցանակներ շնորհվեցին iSun թիմին, ինչպես նաև Atlantis թիմին` իր iRobot նախագծի համար: Շնորհակալագիր ստացավ PanARMENIAN Media ընկերությունը` ինֆորմացիոն աջակցության համար:

«Ինձ ոգևորում է երիտասարդության մասնակցությունն այս միջոցառմանը, երիտասարդությունը ՏՏ-ի հիմնական շարժիչ ուժն է: Շատ կարևոր է նաև երիտասարդների և ՏՏ ընկերությունների համագործակցությունը: Այս միջոցառման նպատակն էր օգտագործել նորարարությունը և ստեղծագործական միտքը սոցիալական խնդիրների լուծման համար»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից և ՏՏ ընկերություններից:

«Հաքաթոն [YAN] Երևան 2011»-ը անցկացվեց դեկտեմբերի 17-ից 18-ը Երևանի քաղաքապետարանում։ Մրցույթին մասնակցում էին 41 թիմ։

Հաքաթոնի նպատակն է միավորել նորարար գաղափարներ ունեցողներին, ծրագրավորողներին, նախագծողներին և այլ ոլորտի մասնագետներին՝ քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր ստեղծելու համար։ Հաքաթոնը Սիլիկոնե հովտում ծնունդ առած միջոցառում է։

Միջոցառման նախաձեռնողներն են Հանրային լրագրության ակումբը, Մայրքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը։ «Հաքաթոն [YAN] Երևան 2011»-ին աջակցում են Երևանի քաղաքապետարանը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը, Ինկուբատոր ձեռնարկությունների հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և մի շարք այլ ընկերություններ։ Ինֆորմացիոն հովանավորն է PanARMENIAN.Net ը։

Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---