Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Շիրակի մարզ` այցն սկսելով Աշոցքի տարածաշրջանից: Աշոցքի համայնքապետարանում տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր: Հաշվի առնելով, որ համայնքներում արձանագրվել է եկամուտների հավաքագրման` միջինից ցածր մակարդակ, փոխվարչապետը հորդորեց քայլեր ձեռնարկել ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Քննարկվեցին նաեւ համայնքապետերի կողմից հողօգտագործմանը, հարկային վարչարարության օրենսդրության կիրառման առանձնահատկություններին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքի մասին. ծրագրի առաջին մասով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, երկրորդ մասով եւս որոշակի միջոցառումներ իրականացվել են, եւ աշխատանքները կշարունակվեն գարնանը: Համայնքի ղեկավարները բարձրացրեցին միջհամայնքային ճանապարհների` ձմեռային շրջանում պահպանության խնդիրը, ինչն առաջնահերթ է` հաշվի առնելով տարածաշրջանի խիստ եղանակային պայմանները: Այդ նպատակով նրանք լրացուցիչ օժանդակություն են ակնկալում կառավարությունից: Փոխվարչապետը տեղում ծանոթացավ նաեւ համայնքում «Հայաստան» հիմնադրամի կողմից կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին: Նշվեց, որ աշխատանքները կավարտվեն 2013թ. գարնանը:

Մարզպետ Ա. Գիզիրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ նաեւ Մայիսյան համայնքում, ծանոթացավ նորակառույց մշակույթի տան պայմաններին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով համայնքում նոր մշակույթի տան կառուցման նպատակով հատկացվել էր 160 մլն դրամ, ծրագրի երկրորդ մասով`եւս 12 մլն դրամ` բարեկարգման համար: Աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտված են, եւ փոխվարչապետին զեկուցվեց, որ մշակույթի տունը պատրաստ է շահագործման: Նշենք, որ համայնքի մշակույթի տունը փլուզվել էր 1988թ. երկրաշարժի ժամանակ:

Շիրակի մարզպետարանում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մասնակցությամբ քննարկվեցին մարզում առաողջապահական հաստատությունների ներկա վիճակին, դրանց արդիականացմանն առնչվող հարցեր: Քննարկվեցին նաեւ ընթացիկ այլ խնդիրներ:

Փոխվարչապետը, առողջապահության նախարարի, մարզպետի եւ Գյումրիի քաղաքապետի ուղեկցությամբ եղավ նաեւ Գյումրիի նոր բժշկական կենտրոնի շինհրապարակում, ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին: Նոր բժշկական կենտրոնը կառուցվում է ՀԲ կողմից ֆինանսավորվող «Առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2010թ. սեպտեմբերին: Շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարները տեղեկացրեցին, որ աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012թ ապրիլի վերջին: Ստեղծվելու է արդի բազմապրոֆիլային բժշկական կենտրոն` լայն ախտորոշիչ հնարավորություններով, վերազինված ժամանակակից սարքավորումներով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 4,6 մլրդ դրամ:

Փոխվարչապետը ներկա գտնվեց նաեւ Գյումրիի տարածքային հարկային տեսչության սպասարկման կենտրոնի բացման արարողությանը, որին մասնակցում էին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզային եւ համայնքային իշխանությունների ներկյացուցիչներ: Հիմնանորոգված կենտրոնը սպասարկելու է Գյումրիի, Ամասիայի, Աշոցքի եւ Ախուրյանի ավելի քան 3800 գործող հարկ վճարողների: Նոր պայմանները հնարավորություն կընձեռեն նվազեցնել հարկային տեսուչ-հարկատու շփումը, կենտրոնում գործելու է մեկ պատուհանի սկզբունքը: Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան ստեղծված պայմաններին եւ հնարավորություններին, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---