Արամ Նավասարդյան. Պետք չէ երջանկությունը կապել միայն երկրի տնտեսական վիճակի հետ

Արամ Նավասարդյան. Պետք չէ երջանկությունը կապել միայն երկրի տնտեսական վիճակի հետ

PanARMENIAN.Net - «WIN-Gallup International» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի ՋԻ» ընկերության անցկացրած տարեվերջյան հարցման համաձայն հայերի 70 տոկոսն իրեն համարում է երջանիկ։ Այս թվին շատերը վերաբերվում են թերահավատորեն՝ կասկած հայտնելով ընկերության իրականացրած հարցումների ճշգրտության կամ արժանահավատության վերաբերյալ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Էմ Փի ՋԻ» խորհրդատվական ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց իրենց կողմից անցկացված հարցումների մեթոդաբանությունն ու հարցաշարը։

«Բացի երջանկության վերաբերյալ խնդրահարույց հարցից, մենք մոտ 10 հարց ենք տվել հարցվողներին, որոնց նպատակը տարին ամփոփելն էր՝ նրանց հավատը դեպի մյուս տարին դրական է, թե՝ ոչ, տնտեսությունը կզարգանա, թե՝ ոչ, և այլն»,- մանրամասնեց բանախոսը։

Անդրադառնալով ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի երեկ հնչեցրած այն կարծիքին, թե 500 մարդու շրջանակում հեռախոսով անցկացված հարցումը չի կարող լուրջ համարվել, իսկ հարցվողներն էլ պարզապես հեգնել են, բանախոսը նշեց. «Դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Հարցվողների կազմը եղել է ներկայացուցչական, և մինչև բուն հարցերին անցնելը նախապատրաստական խոսք է ասվել, որը մարդկանց տրամադրել է լուրջ պատասխանելուն։ Պետք չէ երջանկությունը կապել միայն երկրի տնտեսական վիճակի հետ։ Չինաստանը զարգացած երկիր է, բայց չինացիների ընդամենը 25 տոկոսն է իրեն երջանիկ համարում»։

Ընկերության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը լրագրողներին ներկայացրեց ողջ հարցաշարը և պատասխանները, 2010-2011 թվականներին հնչած պատասխանների համեմատությունը։ Ընդհանուր առմամբ պատկերն այնպիսին էր, որ այս տարի հարցման մասնակիցներն ավելի լավատեսորեն են տրամադրված և ակնկալիքներն էլ, համապատասխանաբար, շատ են։

Բանախոսները չհերքեցին այն փաստը, որ հարցման դրական արդյունքների վրա կարող է ազդած լինել նաև նախատոնական տրամադրությունը, սակայն նշեցին, որ շեղումը կարող էր լինել առավելագույնը 5 տոկոս։

58 երկրներում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ իրենց ամենից երջանիկ համարում են Կոլումբիայում՝ 74 տոկոս, Գանայում՝ 82 տոկոս, և , որքան էլ որ զարմանալի է, Նիգերիայում՝ 89 տոկոս։ Ամենադժբախտն են իտալացիները, սերբերն ու պաղեստինցիները։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---