Փարիզ. Ֆրանսիան չի պատրաստվում հարաբերությունները խզել Թուրքիայի հետ

Փարիզ. Ֆրանսիան չի պատրաստվում հարաբերությունները խզել Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան հաստատում է Թուրքիայի հետ համագործակցելու երկրի պատրաստակամությունը: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ինչպես ԱԳՆ կմեկնաբանի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան պետք է դադարեցնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը` «հայկական կողմին աջակցելու համար», ԱԳՆ մամուլի ծառայությունում հայտարարել են, որ «Թուրքիան Ֆրանսիայի համար մնում է կարևոր գործընկեր»:

«Մենք թուրքական իշխանությունների հետ համագործակցությունը շարունակում ենք նույն հունով»,-հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը:

ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետը հայտարարել է այն մասին, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ցուցադրում է, որ Ֆրանսիան, ըստ էության, Ֆրանսիան «զբաղեցրել է ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի դիրք»:

Ըստ նրա, նախորդ տարի Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մի շարք հայտարարություններ է արել, որոնք ըստ էության, մատնանշում են, որ «Ֆրանսիան արդեն բացահայտորեն աջակցում է հակամարտության կողմերից մեկին»: Էրդողանի համոզմամբ, Ֆրանսիան «պետք է լքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը»: Այդ դեպքում հակամարտության հիմնական միջնորդների դերը իրենց վրա կվերցնեն ԱՄՆ և Ռուսաստանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---