Վասիլի Աթաջանյան. Ղարաբաղյան հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է ճանաչել ԼՂՀ անկախ կարգավիճակը

Վասիլի Աթաջանյան. Ղարաբաղյան հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է ճանաչել ԼՂՀ անկախ կարգավիճակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական և ձեռնարկչատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը և պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղը` Հայստանի պատմական մի հատվածը, հարկադրաբար ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ: Լեռնային Ղարաբաղի խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ գտնվելու ամբողջ 75 տարիների ընթացքում Բաքուն իրականացնում էր բնիկ հայ բնակչությանը երկրից վտարելու քաղաքականությունը»,- նշել է ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Դրա հետ նա նշել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԼՂՀ ժողովրդին հաջողվել է հռչակել կատարյալ իրավական հիմքի վրա անկախ պետություն և կասեցնելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ստեղծել է քաղաքակիրթ, ժողովրդավարական հասարակություն: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին, Վասիլի Աթաջանյանը նշել է պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշումը, որը փաստորեն խափանում է բանակցային գործընթացը: Նրա խոսքերով առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը:

Վասիլի Աթաջանյանը պատասխանել է հյուրերի հարցերին` կապված տարածաշրջանային գրրծընթացների, ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդասիրական խնդիրների, ԼՂՀ կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա իրավիճակի հետ: Պատվիրակության անդամները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով ԼՂՀ –ում ծրագրերի իրականացման համար:

Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և պատվիրակության անդամներին, ինչպես նաև այցի կազմակերպչին` Եվրոպայի Հայկական Միությունների համաժողովի նախագահ` Աշոտ Գրիգորյանին, ղարաբաղյան ժողովրդի արդար պայքարի հետևողական և բաց աջակցության համար, նրանց հանձնելով հուշանվերներ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---