Է. Նալբանդյան. Ֆրանսիական օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների համար

Է. Նալբանդյան. Ֆրանսիական օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների համար

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է: Նման կարծիքն է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Der Standard թերթին տված հարցազրույցում:

Նախարարը վստահություն է հայտնել, որ նման որոշումներ ընդունելու են նաև այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ժխտումը: «Այդ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է, որը բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես այդպիսին: Ցեղասպանության ժխտումը համապատասխան արձագանքի է արժանանում: Ֆրանսիայում ընդունված օրենքն արտացոլում է ֆրանսիացի ժողովրդի զգացմունքները, ողջ ժողովրդի կարծիքը: Ես դա գիտեմ դեռ իմ Ֆրանսիայում դեսպան եղած ժամանակներից»,-ասել է նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է օրենքի ընդունումը կապված Ֆրանսիայում նախագահական ընտրությունների հետ՝ Նալբանդյանն ասել է, որ օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի կողմից՝ լինի դա աջ կամ ձախ, քվեարկվել եւ ընդունվել է Ազգային Ժողովում եւ Սենատում: Այդպիսով օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը: Նույնը տեղի է ունեցել նաև 2001թ. Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման ժամանակ:

Անդրադառնալով օրինագծի Սահմանդրական խորհրդում վիճարկելու փաստին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Թուրքերը գլուխ են գովում սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի սենատորների հետ արդյունավետ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնում Ադրբեջանին` այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու հայտը՝ որպես շնորհակալություն մեծ պատիվներով Բաքվում ընդունելության են արժանացել: Չեմ կարծում որեւէ եվրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունվել: Ես ցանկանում եմ նորից շեշտել, որ ընդունված օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է, որն արժանի է հարգանքի»:

Անդրադառնալով Ցյուրիխի արձանագրություններին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Մենք փորձեցինք այդ փակուղուց դրանք դուրս բերել: Սակայն թուրքական կողմն ամեն ինչ անում է դրանք վերադարձնելու փակուղի: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պայմանավորվածությունը հետեւյալն է՝ սահմանների բացումից, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որի շրջանակներում կգործեն մի շարք ենթահանձնաժողովներ: Դրանցից մեկը ոչ թե պատմաբանների ենթահանձնաժողով է՝ քննարկելու Հայոց ցեղասպանության լինելու կամ չլինելու փաստը, ինչպես ներկայացնում է թուրքական կողմը: Դրա միակ նպատակը երկխոսության միջոցով՝ ներառյալ պատմական հարթությունը, վերականգնել երկու ժողովուրդների միջեւ վստահությունը: Բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ: Կարող ե՞ք պատկերացնել, հրեաներին հրավիրել բանավեճի՝ քննարկելու հոլոքոստի եղելության փաստը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---