Հրաչ Վարժապետյան. Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշ անդամներ գործարար կապեր ունեն Թուրքիայի հետ

Հրաչ Վարժապետյան. Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշ անդամներ գործարար կապեր ունեն Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Փարիզում «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը բացատրել է Խորհրդի անդամների վրա թուրքական ճնշմամբ, իսկ ինչպես նաև կուլիսային ինտրիգներով: «Սահմանադրական խորհրդի 11 անդամներից ոմանք գործարար և այլ կապեր ունեն թուրքական շրջանակների հետ»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:

Վարժապետյանը նշել է, որ դրա ապացույցն այն է, որ Սահմանադրական խորհրդի որոշման պաշտոնական հրապարակումից 2 ժամ առաջ մի շարք թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ օրինագիծը ոչ սահմանադրական է ճանաչվել: Նրա խոսքով` դա վկայում է այն մասին, որ վճիռը նախօրոք ծրագրված էր, և թուրքական ԶԼՄ-ներն ի սկզբանե գիտեին դրա մասին:

Վարժապետյանը հավելել է, որ իրենք չէին ուզում մինչ այդ խոսել այդ թեմայի մասին, որպեսզի խնդիրներ չստեղծեին Սահմանադրական խորհրդի աշխատանքի համար, սակայն ֆրանսիական լրատվամիջոցներն իրենք բարձրացրեցին այդ հարցը` կասկած հայտնելով Խորհրդի որոշ անդամների անաչառության վերաբերյալ և ենթադրելով, որ նրանք կարող են կաշառված կամ թուրքամետ տրամադրված լինել:

Վարժապետյանի խոսքով` այդ թեման կբարձրացվի մոտ ժամանակներս հայ համայնքի ներկայացուցիչների մամլո ասուլիսների ժամանակ: «Մենք չէինք ուզենա խոսել այդ տվյալների մասին, սակայն ֆրանսիական մամուլն ինքն է սկսել խոսել այդ մասին: Ֆրանսիացիներն ասում են, որ կատվին պետք է կատու անվանել: Ուրեմն ժամանակն է կատվին կատու անվանելու»,- հավելել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօրվա նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---