ԵԱՀԿ Մինսկի խումբ և Ղարաբաղ. Քաղաքական գործիչների հետ չստացվեց, փորձենք համոզել ժողովուրդների՞ն

ԵԱՀԿ Մինսկի խումբ և Ղարաբաղ. Քաղաքական գործիչների հետ չստացվեց, փորձենք համոզել ժողովուրդների՞ն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ավարտում են իրենց շրջագայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, այսօր հանդես են եկել ևս մեկ հայտարարությամբ: Կարծես ոչ մի օրիգինալ ու նոր բան այդ կոնկրետ հայտարարության մեջ չկա, սակայն Բաքվում միջնորդների հնչեցրած հայտարարություններից հետո ստացվում է, որ ավելի շատ ուշադրություն է սկսել հատկացվել բանակցային գործընթացի հումանիտար-սոցիալական, քան քաղաքական բաղկացուցչին:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ քննարկել են հումանիտար հարցեր, մասնավորապես` երկու ժողովրդների միջև շփումների հաստատման ուղղությամբ, ինչը «կնպաստի տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմբռնման զարգացմանը»:

Իսկ Բաքվում ամերիկյան միջնորդ Ռոբերտ Բրադտկեն ուղղակիորեն հայտարարել է, որ միջնորդները սկսել են «հումանիտար կապեր կառուցել ժողովուրդների միջև». «Սա դեռևս սկիզբն է: Համագործակցությունն այս փուլում շատ հուսադրող է»:

Հիշեցնելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին համանախագահներն այցելել էին Ադրբեջանի և Արցախի սահման` Բրադտկեն ասել է. «Մենք տեսանք, որ երկու կողմերում բնակվող մարդիկ միատեսակ խնդիրների են բախվում` ջրամատակարարում, էներգետիկ խնդիրներ: Մենք կուզենայինք ինչ-որ համագործակցություն կառուցել մարդկանց միջև, որոնք բախվում են միևնույն խնդիրներին»:

Բայց հարցն ինչո՞ւմ է: Նրանում, որ կենսական կարևորություն ներկայացնող ջրամակատարարման, նույն էներգետիկ խնդիրները, ինչպես նաև շատ այլ խնդիրներ ինքնին հակամարտության հետևանքներն են միայն: Եվ միջնորդները լրջորեն կարծում են, որ ջրի ու էլեկտրաէներգիայի հետ կապված ընդհանուր խնդիրները կարող են ելակետ դառնալ արցախցիների հաշտեցման համար ադրբեջանցիների հետ, ովքեր ոչնչացնում էին հայերին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և հենց Ղարաբաղում: Կարող են Արցախի բնակիչներին ստիպել մոռանալ պատերազմի ողջ սարսափն ու հեռանալ հայրենի հողից, որի համար 20 տարի առաջ վճարել են սեփական որդիների արյա՞մբ: Իսկ ադրբեջանցիներին կարող են ստիպել հրաժարվել ժամանակին հայերին «նվիրված» հայկական իսկ հողերը խլելու փորձի՞ց:

Ըստ երևույթին, իրականում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ Բաքուն պարբերաբար փորձում է խանգարել գոնե ինչ-որ առաջընթացի ձեռքբերմանը կարգավորման գործընթացում և ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից, որոնք օգնում են ադրբեջանական իշխանություններին շեղել իր ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից` նրա էներգիան ուղղելով արտաքին թշնամու` հայի վրա:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, 20 տարվա ընթացքում չկարողանալով համոզել Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարություններին գնալ հաշտեցման, որոշել է դիմել հասարակ ժողովրդին, որը, եթե բախտը բերի, միգուցե, կարողանա ստիպել իր իշխանություններին լուծել հակամարատությունը… Իսկ եթե ո՞չ…

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---