2012թ փետրվարին բենզինը Հայաստանում թանկացել է 3 տոկոսով

2012թ փետրվարին բենզինը Հայաստանում թանկացել է 3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.0% և 1.0% գնաճով:

2012թ փետրվարին 2011թ փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.2% և 16.8%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 3.0% և 0.9%-ով:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» բենզինը կարելի է գնել 520 դրամով, «Պրեմիումը»` 490 դրամով, իսկ «Ռեգուլյարը»` 470 դրամով: ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեցին բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Ուսումնասիրությունների ընթացքում ընկերության կողմից բացահայտվել են մրցակցային օրենսդրության խախտումներ: ՏՄՊՊՀ որոշմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ» -ը տուգանվեց 100 միլիոն դրամով, հայտնում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

Տեղեկացնենք, որ ընկերությունը հանդիսանում է գերիշխող և ներկրման ու իրացման ծավալներով զբաղեցնում է վերոնշյալ շուկաների մոտ կեսը, մյուս կեսը միասին զբաղեցնում են 3 ընկերություններ` «Միկա Քորփորեյշն », «Ֆլեշ» և «Մաքս հուր»: «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը փորձել է շուկայից դուրս մղել և սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատերերին

ՏՄՊՊՀ-ը մանրամասնորեն ուսումնասիրել է «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության վարքագիծը և հայտնաբերել է օրենքի մի շարք խախտումներ: Հանձնաժողովը պարզել է, որ, մասնավորապես ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում են և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում են «Սիթի Պետրոլ Գրուպ» - ին:

Այսպես. քանի որ ընկերությունը հանդիսանում է բենզինի և դիզելային վառելիքի խոշոր մատակարար, ապա տասնյակ ընկերություններ վառելիքը ձեռք են բերում հատկապես նրանից: Պարզվել է, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում է այն գնով, ինչ գնով որ արդեն իսկ վաճառում է իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Ստացվում է, որ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունից բենզին և դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները հայտնվել են մեղմ ասած անմխիթար վիճակում, քանի որ չեն կարող այն վաճառել ավելի բարձր գնով, քան ներկրող ընկերության բենզալցակայաններում է և, հատկապես մարզերում չեն էլ կարող օգտվել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առևտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հենց այս ընկերությունը:

«Սիթի Պետրոլ Գրուպ»-ը կլանել է փոքր բենզալցակայաններին` այլընտրանք չթողնելով նրանց տերերին Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել են վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98%-ը տնօրինում է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը, իսկ մնացած 2%-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Փաստորեն, շահագործելով այլ տնտեսվարողի հիմնադրած բիզնեսը, շահույթը գրեթե ամբողջությամբ ստացել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը: Օրինակ. միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ունի 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք է բերել հենց այդ ճանապարհով: Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններն ընդգրկել են հանրապետության ողջ տարածքը:

Ընկերության նման վարքագիծը զուրկ է որևէ տրամաբանությունից և անընդունելի, իսկ ներկայացված պատճառաբանությունները` անհիմն

Վարույթի ընթացքում ընկերության կողմից ներկայացվել են պատճառաբանություններ, որոնք Հանձնաժողովի դիտարկմամբ անհիմն են և որևէ կերպ չեն արդարացնում նման վարքագիծը: Տասնյակ ապացույցների հիման վրա Հանձնաժողովը հաստատված է համարում այն հանգամանքը, որ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն է ծավալել`ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Ընկերության նման քայլը խոչնդոտում է ոչ միայն փոքր բիզնեսի զարգացմանը, այլ նաև խաթարում է մրցակցային դաշտն ընդհանրապես, ինչն անընդունելի է:

Հանձնաժողովի որոշմամբ, ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր է վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---